Հոդված 47. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և ծառայությունների բնագավառում
Հոդված 47. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և ծառայությունների բնագավառում
1. Առևտրի և ծառայությունների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.
2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` առևտրի և ծառայությունների ոլորտի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ և կասեցնում ու դադարեցնում է դրանք.
3) Երևանի վարչական տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.
4) Երևանի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու՝ ավագանու որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին, սահմանափակումներին համապատասխան՝ տալիս է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվություն.
5) Երևանի վարչական տարածքում ավագանու սահմանած կարգին համապատասխան՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տալիս է տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.
6) Երևանի վարչական տարածքում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում սահմանված կարգով կիրառում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Քաղաքապետի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց․
7) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն.
8) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
9) Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ ընդունում է որոշում շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ.
10) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.
11) առևտրի համայնքային կանոններին համապատասխան՝ տալիս է Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն.
12) համաքաղաքային կանոններին համապատասխան՝ Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
13) հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան՝ տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն․
14) Երևանի վարչական տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված այլ թույլտվություններ, որոնց տրամադրումը վերապահված է համայնքի ղեկավարին: