Հոդված 61. Երևանի բյուջեի ձևավորման աղբյուրները
Հոդված 61. Երևանի բյուջեի ձևավորման աղբյուրները
1. Երևանի բյուջեն ձևավորվում է Երևանի բյուջեին օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող մուտքերի աղբյուրներից, ներառյալ՝
1) Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումները.
2) Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումները.
3) բնապահպանական հարկից մասհանումները.
4) տեղական հարկերի գծով Երևանի բյուջե կատարվող վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժերը և տուգանքները.
5) պետական տուրքը` նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.
6) տեղական հարկերը, տուրքերը և վճարները.
7) Երևանի սեփականությունը համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, ինչպես նաև Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող այն հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, որոնց կառավարումը հանձնված է քաղաքապետին.
8) Երևանի սեփականությունը համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտները.
9) վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտները.
10) Երևանի սեփականությունը համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.
11) քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող և Երևանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարները.
12) Երևանի սեփականությունը համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհամարվող գույքի օտարումից ստացված եկամուտները.
13) պետության կողմից քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար Երևանի բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումները.
14) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով Երևանին որպես սեփականություն անցած դրամական միջոցները.
15) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից, ներառյալ համայնքի սեփականություն համարվող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող, ինչպես նաև համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները.
16) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.
17) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաները).
18) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները.
19) վարկերի և փոխառությունների ձևով ներգրավված միջոցները, ընդ որում քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները.
20) Երևանի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ինչպես նաև տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին Երևանի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.
21) Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից (բացառությամբ մինչև 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների), պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, ներառյալ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները` ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով, որոնք ուղղվում են Երևանի բյուջեի ֆոնդային մաս` համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը: Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին.
22) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում առաջացած ֆինանսական միջոցները, եթե պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը նախատեսում է Երևանի համար նման ֆինանսական միջոցների առաջացում:
2. Եկամտային հարկի, շահութահարկի և բնապահպանական հարկի գումարներից Երևանի բյուջե կատարվող մասհանումների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: