Հոդված 74. Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների հաշվառումը
Հոդված 74. Երևանի հանդեպ առկա գումարային պարտավորությունների հաշվառումը
1. Երևան համայնքի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ Վճարող), օրենքի, դատական ակտի, վարչական ակտի, պայմանագրի կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքով ծագած գումարային պարտավորությունների (այսուհետ՝ Պարտավորություն) հաշվառումը իրականացվում է համայնքի կողմից ստեղծված և գործարկվող էլեկտրոնային մեկ միասնական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որում յուրաքանչյուր Պարտավորության հաշվառում իրականացվում է ըստ Վճարողի համար ինքնաշխատ ստեղծված անձնական քարտի:
2. Համակարգում անձնական քարտը հաշվառվում է ըստ ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի (բացակայության դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ օտարերկրյա)), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հարկ Վճարողի հաշվառման համարին (բացակայության դեպքում՝ նույնականացնող այլ համարժեք տվյալին) համապատասխան:
3. Համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են քաղաքապետի որոշմամբ, որը պետք է ունենա նվազագույնը հետևյալ հնարավորությունները․
1) Համակարգում էլեկտրոնային եղանակով գրանցման (նույնականացման միջոցով) և անձնական քարտի տեսանելիության հնարավորություն․
2) սույն օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ և 14-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման հնարավորություն․
3) իրական ժամանակում առցանց եղանակով Վճարողի անձնական քարտում հաշվառված Պարտավորությունների և դրանց մարումների դիտման հնարավորություն․
4) միասնական հաշվում առկա գումարների մնացորդի վերաբերյալ տեղեկատվության դիտման հնարավորություն․
5) Վճարողի անձնական քարտի քաղվածքի արտատպման հնարավորություն․
6) միասնական հաշվին վճարված գումարների՝ սույն օրենքով նախատեսված դեպքում հետ վերադարձնելու դիմումներ ներկայացնելու հնարավորություն․
7) ընթացիկ և ժամկետանց Պարտավորությունների վերաբերյալ նույնականացված Վճարողներին ինքնաշխատ տեղեկացնելու հնարավորություն․
8) ժամկետանց Պարտավորությունների գանձման նպատակով օրենսդրության պահանջներին համապատասխան գործողությունների կատարման հնարավորություն: