Հոդված 8. Ավագանու լիազորությունները
Հոդված 8. Ավագանու լիազորությունները
1. Ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
4) քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) կանոնադրությունը.
5) սահմանում է քաղաքապետարանի կառուցվածքին, այդ թվում` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին և հաստիքացուցակին ներկայացվող պահանջները, քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքապետարանի համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց առավելագույն քանակը, պաշտոնային դրույքաչափերը (այդ թվում՝ քաղաքապետի), ինչպես նաև հավելավճարների, լրավճարների չափերը և դրանց տրամադրման դեպքերը.
6) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի զարգացման հնգամյա և այլ ծրագրերի մասին.
7) քաղաքապետի ներկայացմամբ օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ): Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.
8) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի սեփականությունը համարվող գույքի գույքագրման և կառավարման կարգի վերաբերյալ, որում պետք է նշվեն Երևանի սեփականությունը համարվող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման եղանակը, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում՝ օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում՝ վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում որոշմամբ օտարման առաջարկվող հողամասերի դեպքում պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը․
9) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.
10) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների (այսուհետ նաև՝ փոխառություններ) և օրենքով սահմանված այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.
11) ի լրումն քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` սահմանում է Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.
12) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.
13) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.
14) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի, հատակագծի և դրա փոփոխությունների հաստատման վերաբերյալ.
15) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
16) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.
17) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.
18) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում.
19) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալը անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում՝ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.
20) ի լրումն առևտրի (այդ թվում՝ բացօթյա) և ծառայությունների ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, կանոններ և վաճառքի ենթակա լրացուցիչ ապրանքների տեսակները.
21) ի լրումն աղմուկի և փոշու արտանետումների՝ օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերի` սահմանում է Երևանում լրացուցիչ չափեր, դրանց նվազեցման համար լրացուցիչ պայմաններ և կանոններ՝ ըստ առանձին վայրերի.
22) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևանի հանրային բացօթյա վայրերի (փողոցի, մայթի, հրապարակի, այգու, պուրակի և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները.
23) սահմանում է առևտրի և ծառայությունների ոլորտի կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց որակավորման աստիճանների չափորոշիչները, դրանց շնորհման, կասեցման և դադարեցման կարգը.
24) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
25) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը.
26) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, դա կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու կարգը.
27) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը.
28) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
29) որոշում է ընդունում Երևանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (այդ թվում՝ հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.
30) որոշում է ընդունում Երևանում գտնվող համայնքային գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման կարգի, շահագործման լրացուցիչ կանոնների և սահմանափակումների վերաբերյալ.
31) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.
32) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.
33) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» և «Թափոնների մասին» օրենքներով նախատեսված լիազորություններ.
34) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.
35) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
36) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու կարգը.
37) քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները.
38) սահմանում է Երևանում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը.
39) սահմանում է Երևանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայության կազմակերպման սեզոնների (ամառային և ձմեռային) ժամկետները, տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
40) սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, իսկ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների համար, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Կառավարության որոշումներով, սահմանում է լրացուցիչ պահանջներ.
41) սահմանում է Երևանի վարչական տարածքում տրանսպորտային միջոցների շահագործման, բեռնափոխադրման (այդ թվում՝ շինանյութի) և մատակարարման կազմակերպման լրացուցիչ պահանջները, պայմանները, սահմանափակումները.
42) սահմանում է Երևանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները, սահմանափակումները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների թույլատրվող տեսակները.
43) սահմանում է Երևանի խորհրդանիշների օգտագործման կանոնները և պահանջները, ինչպես նաև դրանց պարտադիր օգտագործման դեպքերը և կարգը.
44) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) ուղեփակոցների և արգելափակոցների տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
45) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին, սարքերի, սարքավորումների, այդ թվում՝ արևային կայանների, դեկորատիվ առարկաների և այլ պարագաների ու տարրերի տեղադրման կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
46) սահմանում է Երևանի վարչական տարածքում ինքնակամ կառույցներ իրականացրած անձանց սեփական նախաձեռնությամբ դրանց քանդման (ապամոնտաժման) դեպքում քանդման ծախսերի իրականացման համար օժանդակության տրամադրման չափը և կարգը.
47) սահմանում է Երևանի վարչական տարածքում զբոսաշրջային գործունեություն իրականացնող տրանսպորտային միջոցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց հատուկ կայանման և կանգառի թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները.
48) սահմանում է Երևանի վարչական տարածքում ավագանու կամ քաղաքապետի կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական և համայնքային սեփականությունը համարվող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները.
49) սահմանում է Երևանի վարչական տարածքում գտնվող շենքերի կամ շինությունների առանց շինարարության իրականացման նպատակային և գործառնական նշանակության փոփոխության լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները, ինչպես նաև շինության տեսակի փոփոխության պայմանները, պահանջները և սահմանափակումները.
50) սահմանում է Երևանի վարչական տարածքում գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեության նկատմամբ քաղաքապետի կողմից իրականացվող վերահսկողության իրականացման կարգը, պահանջները, պայմանները.
51) սահմանում է Երևանի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև ի լրումն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում սահմանված նորմերի՝ Երևանի վարչական տարածքում հեծանվով, անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով և առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի վարման համար նախատեսված այլ տրանսպորտային միջոցներով երթևեկելու լրացուցիչ պայմանները, պահանջները և սահմանափակումները.
52) սահմանում է քաղաքապետի կողմից քաղաքապետին կից համապատասխան բնագավառի խորհրդակցական խորհրդի եզրակացության հիման վրա ավագանու հաստատած չափորոշիչներից, կանոններից, պահանջներից և սահմանափակումներից բացառություն նախատեսող թույլտվություններ տրամադրելու կարգը.
53) օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատում է քաղաքապետի կողմից կամ համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաև աշխատանքային պլանը.
54) սահմանում է Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կարգը․
55) հաստատում է քաղաքապետարանի կանոնադրությամբ նախատեսված՝ ավագանու հաստատման ենթակա պայմանագրերը (ներառյալ դրանց փոփոխությունները).
56) սահմանում է Երևանի վարչական տարածքում կենդանիներ պահելու կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները և կենդանիների հաշվառման կարգը:
2. Ավագանին կարող է իրականացնել այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: