Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ դրանք առաջանում են՝ այդ Պետության օրենքների համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը, եթե տոկոսների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն տվյալ սահմանափակման կիրառման եղանակը:
3. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից՝ անկախ իպոտեկային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և պարտատոմսերից կամ եկամուտ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները, ինչպես նաև ցանկացած եկամուտ, որը դիտարկվում է որպես տոկոսներ այն Պայմանավորվող Պետության օրենքով կամ այլ նորմատիվ ակտերով, որտեղ առաջանում են այդպիսի տոկոսները: Սույն հոդվածի նպատակով ժամկետանց վճարման համար պատժիչ գանձումները որպես տոկոսներ չեն դիտարկվի:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե տոկոսների փաստացի սեփականատերը լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում՝ այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7 հոդվածի կամ 14 հոդվածի դրույթները:
5. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքն այդ Պետությունն է, այդ Պետության տեղական իշխանության մարմինը կամ ռեզիդենտը: Սակայն, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող Պետությունում ունի մշտական հաստատություն կամ կայուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ կայուն բազան, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ կայուն բազան:
6. Երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջին վերաբերող վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենքների համաձայն` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: