Հոդված 28. Աջակցություն գանձման գործում
Հոդված 28. Աջակցություն գանձման գործում
1. Պայմանավորվող Պետությունները պարտավորվում են միմյանց աջակցություն և օգնություն ցուցաբերել հարկերի, նրանց վրա եկած տոկոսների, նրանց հետ կապված տույժերի, այդպիսի գանձմանը բնորոշ ծախսերի գանձման գործում, ներառյալ սույն հոդվածում որպես «եկամտային հայց» հիշատակված և պատժիչ բնույթ չունեցող տույժերը:
2. Սույն հոդվածի դրույթները կկիրառվեն Պայմանավորվող Պետության կառավարության կողմից կամ անունից գանձվող բոլոր հարկերի նկատմամբ:
3. Սույն հոդվածի նպատակներով.
ա) «հայցվոր Պետություն» տերմինը նշանակում է Պայմանավորվող Պետություն, որը կատարում է հարկերի գանձման աջակցությանը վերաբերող հայցը,
բ) «հայցվող Պետություն» տերմինը նշանակում է Պայմանավորվող Պետություն, որին ուղղված է հարկերի գանձման աջակցությանը վերաբերող հայցը:
4. Պայմանավորվող Պետության իրավասու մարմինների եկամտային հայցի գանձման աջակցության պահանջը պետք է ներառի այդ մարմինների հավաստիացումը, որ համաձայն այդ Պետության օրենքների եկամտային հայցը վերջնականապես որոշված է: Սույն հոդվածի նպատակներով եկամտային հայցը վերջնականապես որոշված է, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի իր ներքին օրենքների համաձայն գանձելու հարկը և հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք: Ցանկացած վիճաբանության առկայությունը կամ եկամտային հայցի գումարի և/կամ գանձման փաստաթղթերի օրինականությունը ներկայացվում են միայն հայցվոր Պետության իրավասու մարմնին: Այն դեպքում, երբ վերը նշվածի դեմ կկիրառվեն իրավական միջոցներ, հայցվոր Պետության կամ անձի կողմից տեղեկացվելուն պես, հայցվող Պետությունը կասեցնում է ստիպողական գանձման արարողակարգը մինչև դատարանի որոշման կայացումը:
5. Հայցվոր Պետության կողմից ուղարկվող, գանձումը թույլատրող փաստաթուղթը ընդունվում, ճանաչվում, լրացվում կամ փոխարինվում է հայցվող Պետության տարածքում գանձումը թույլատրող փաստաթղթով, հայցվող Պետության օրենքին համապատասխան, և դիտարկվում է որպես այդ Պետության հայց:
6. Պայմանավորվող Պետության եկամտային հայցը, որն ընդունված է գանձման համար մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից, գանձվելու է այդ մյուս Պետության կողմից նշված հարկերի գանձման համար այդ մյուս Պետությունում կիրառվող օրենսդրությանը համապատասխան: Վերը նշված «եկամտային հայցը» չի ունենա հացվող Պետությունում նախապատվություն և վերջինից չի կարող պահանջվել, որպեսզի նա կիրառի այն հարկադիր միջոցները, որոնք նախատեսված են հացվոր Պետության օրենսդրությամբ:
7. Սույն հոդվածից հետևում է, որ Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի կողմից գանձված գումարները կփոխանցվեն հայցվոր Պետությանը: Սակայն, հարկերի գանձման հետ կապված ծախսերը կրում է հայցվող Պետությունը: Ցանկացած արտասովոր, ժամկետանց վճարների հետ կապված ծախսերը, որոնք նախատեսվում են հայցվող Պետության օրենսդրությամբ, վերագրվում են հայցվոր Պետությանը:
8. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կմշակեն սույն հոդվածի դրույթների կիրառման համար անհրաժեշտ արարողակարգ: