Հոդված 24. Հանձնման պայմանները
Հոդված 24. Հանձնման պայմանները
1. Յուրաքանչյուր կողմ համաձայնվում է, սույն Համաձայնագրի դրույթներին և իր ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան, իրականացնել ցանկացած անձի հանձնումը, որը գտնվում է կողմերից մեկի տարածքում, և որի դեմ քրեական մեղադրանք է հարուցված, կամ որի նկատմամբ իրականացվելու է դատավճիռը։
2. Հարուցված քրեական մեղադրանքի դեպքում հանձնումը պետք է իրականացվի միայն այն հանցագործության դեպքում, որը երկու կողմերի օրենսդրությամբ էլ պատժվում է ազատազրկմամբ մեկ տարուց ավելի ժամկետով։ Եթե հարցում անող կողմի դատարանները կայացնում են վճիռ բանտարկելու, այլ կերպով ազատազրկելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու մասին, ապա հանձնումը իրականացվում է միայն այն դեպքում, եթե նման վճռի տևողությունը առնվազն վեց ամիս է:
3. Եթե հանձնման խնդրանքը կապված է մի շարք հանցագործությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը երկու կողմերի օրենսդրությամբ էլ պատժելի է, բայց որոնցից մի քանիսի նկատմամբ չի տարածվում վճռի տևողության վերաբերյալ պահանջը, ապա հարցվող կողմը կարող է հանձնում իրականացնել նաև այդ հանցագործությունների համար։