Հոդված 25. Հանձնման մերժումը
Հոդված 25. Հանձնման մերժումը
1. Հանձնում չի կատարվի, եթե.
ա) այն անձինք, որոնց հանձնումը խնդրում են, հանցագործությունը կատարելու պահին հարցվող կողմի քաղաքացիներ են։ Այդ դեպքում այդ կողմը, հարցում անող կողմի խնդրանքով և իր իրավասության սահմաններում, գործը կուղարկի իր իրավասու մարմիններին՝ այն վարելու համար։ Այդ նպատակով հանցագործության վերաբերյալ ամբողջ նյութը, փաստաթղթերը և իրեղեն ապացույցները պետք է ուղարկվեն հարցվող կողմին,
բ) անձինք հարցվող կողմի տարածքում ապաստանի իրավունք են ձեռք բերել,
գ) այն հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հարցվող կողմը դիտում է որպես քաղաքական հանցագործություն կամ որպես քաղաքական հանցագործության հետ կապված,
դ) հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հանցագործություն է համարվում զինվորական օրենքներով, բայց ոչ ընդհանուր քրեական օրենսդրությամբ,
ե) այն անձի նկատմամբ, որի համար հանձնում են խնդրում, հարցվող կողմի տարածքում վերջնականապես արդարացվել կամ մեղավոր է ճանաչվել նույն կամ որևէ այլ հանցագործության համար, որը համարժեք է այն հանցագործությանը, որի համար հանձնում են խնդրում,
զ) հանցագործության պատժելիությունը վերացել է, կամ դատավճռի վաղեմության ժամկետը լրացել է՝ յուրաքանչյուր կողմի օրենսդրությանը համապատասխան,
է) դատավճիռը այն անձի նկատմամբ, որի հանձնումը խնդրում են, ենթակա չէ կատարման համաներում շնորհելու պատճառով,
ը) հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, կատարվել է հարցում անող կողմի տարածքից դուրս, և հարցվող կողմի օրենսդրությունը թույլ չի տալիս դատական կարգով հետապնդել այդպիսի հանցագործության համար, որը օտարերկրյա քաղաքացու կողմից կատարվել է իր տարածքից դուրս,
թ) հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, ամբողջովին կամ մասամբ կատարվել է հարցվող կողմի տարածքում,
ժ) հարցվող կողմը դատական կարգով հետապնդում է նույն անձին այն նույն հանցագործության համար, որի համար հանձնում են խնդրում, կամ հարցվող կողմի իրավասու մարմինները որոշել են դատական կարգով չհետապնդել կամ հետապնդումը դադարեցնել, եթե դա հարուցվել է նմանատիպ հանցագործությունների կապակցությամբ,
ժա) երկու կողմերի օրենսդրության համաձայն՝ այն հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, համարվում է հանցագործություն, որի համար դատական հետապնդումը կարող է հարուցվել միայն մեղադրական ակտով, սակայն հարցում անող կողմի իրավասու մարմինների կողմից այդպիսի մեղադրական ակտ չի կազմվել,
ժբ) այն անձը, որի համար հանձնում են խնդրում, դատական կարգով հետապնդվել է երրորդ կողմի կողմից՝ այն նույն հանցագործության կամ հանցագործությունների համար, ինչ որ հարցվող կողմի կողմից, և
1) արդարացվել է,
2) դատավճռի կատարումը դադարեցվել է, կամ
3) անձի նկատմամբ կայացված դատավճիռը ամբողջությամբ կատարվել է, կամ նրան շնորհվել է համաներում կամ ներում՝ կապված ամբողջովին կամ մասամբ չկատարված վճռի հետ:
2. Եթե հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հարցում անող կողմի կողմից պատժվում է մահապատժով, որը նախատեսված չէ հարցվող կողմի օրենսդրությամբ, ապա հանձնումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հարցում անող կողմը տրամադրի հարցվող կողմի կողմից բավարար համարվող երաշխիքներ այն մասին, որ մահապատիժն ի կատար չի ածվի։