Հոդված 43
Հոդված 43.
Օրենսգրքի 153-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Բերման չեն կարող ենթարկվել նաև օրենքով նախատեսված այլ անձինք։»։