Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Տոկոսներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այնուամենայնիվ, նման տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են՝ այդ պետության օրենսդրության համաձայն, սակայն եթե շահույթ ստացող սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ կարգով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:

3. Անկախ 2-րդ կետի դրույթներից՝

ա) Պայմանավորվող պետությունում առաջացող և այդ պետությանը, դրա քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի պարտավորությունների վճարվող տոկոսները, որոնք վճարվում են այդ առնչությամբ, ենթակա են հարկման միայն մյուս պետությունում, եթե տոկոսներից շահույթ ստացող սեփականատերը հանդիսանում է այդ մյուս պետության ռեզիդենտ,

բ) Հայաստանում առաջացող և Կանադայի ռեզիդենտին վճարվող տոկոսները ենթակա են հարկման միայն Կանադայում, եթե դրանք վճարվում են Կանադայի արտահանումների զարգացման վարչության կամ համանման բնույթի այլ կազմակերպության (Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն, թե արդյոք տվյալ կազմակերպությունը Կանադայի արտահանումների զարգացման վարչությանը համանման կազմակերպություն է) կողմից տրվող, երաշխավորվող կամ ապահովվող փոխառության կամ տրամադրվող, երաշխավորվող կամ ապահովվող վարկի դիմաց, և

գ) Կանադայում առաջացող և Հայաստանի ռեզիդենտին վճարվող տոկոսները ենթակա են հարկման միայն Հայաստանում, եթե դրանք վճարվում են սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո Հայաստանում ստեղծված և Կանադայի արտահանումների զարգացման վարչությանը համանման որևէ կազմակերպության (Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն, թե արդյոք տվյալ կազմակերպությունը Կանադայի արտահանումների զարգացման վարչությանը համանման կազմակերպություն է) կողմից տրվող, երաշխավորվող կամ ապահովվող փոխառության կամ տրամադրվող, երաշխավորվող կամ ապահովվող վարկի դիմաց:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածի իմաստով նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից՝ անկախ հիպոթեքային ապահովումից և, մասնավորապես, եկամուտ պետական պարտատոմսերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված հավելավճարներն ու հատուցումը, ինչպես նաև այն եկամուտը, որը ենթարկվում է միևնույն հարկային ընթացակարգերին, ինչ դրամական փոխառություններից ստացված եկամուտը՝ համաձայն այն պետության օրենքների, որտեղ առաջացել է եկամուտը։ Սակայն «տոկոսներ» տերմինը չի ներառում 10-րդ հոդվածում նշված եկամուտները:

5. 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ տոկոսներից շահույթ ստացող սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, փաստացիորեն կապված է այդ մշտական հաստատության կամ կայուն ներկայացուցչության հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածի դրույթները:

6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջացել են այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

7. Երբ վճարողի և շահույթ ստացող սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որին նման հարաբերությունների բացակայության դեպքում կհամաձայնեին վճարողն ու շահույթ ստացող սեփականատերը, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա՝ յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան և պահպանելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։