Հոդված 3
Հոդված 3
Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայում, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում՝
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Կանադա,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն, իսկ աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը՝ համաձայն ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի
գ) «Կանադա» տերմինն աշխարհագրական իմաստով օգտագործվելիս նշանակում է՝ Կանադայի տարածքը, ներառյալ նրա տարածքային ծովը և հողային տարածքից ու տարածքային ծովից վեր գտնվող օդային տարածությունը, ինչպես նաև բացառիկ տնտեսական գոտին և այդ գոտուց դուրս գտնվող մայրցամաքային ելուստը, որի նկատմամբ, միջազգային իրավունքի համաձայն, Կանադան իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները,
դ) «անձ» տերմինը ներառում է՝ անհատ, ընկերությունների միավորում, ընկերություն, ընկերակցություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
I) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և պետական եկամուտների նախարար կամ նրանց լիազոր ներկայացուցիչներ,
II) Կանադայի դեպքում՝ պետական եկամտի նախարար կամ նախարարի լիազոր ներկայացուցիչ,
ը) «քաղաքացի» տերմինը նշանակում է.
I) Պայմանավորվող պետության քաղաքացի հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձ,
II) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ միավորում, որը Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել է իր այդ կարգավիճակը, և
թ) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով ուղևորներ և գույք փոխադրելու ցանկացած ուղևորություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորության հիմնական նպատակը այլ Պայմանավորվող պետության սահմաններում գտնվող վայրերի միջև ուղևորների և բեռների փոխադրումն է։
2. Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան տվյալ պահին այդ պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան. այդ պետության գործող հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ պետության այլ օրենքներով տերմինին տված նշանակության նկատմամբ: