Հոդված 10
Հոդված 10
Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե շահաբաժին ստացող սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա նշված հարկը չպետք է գերազանցի՝
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե շահույթ ստացող սեփականատերը ընկերություն է, որն ուղղակիորեն տնօրինում է վճարող ընկերության կապիտալի շահաբաժինների առնվազն 25 տոկոսը, և շահույթ ստացող սեփականատիրոջ կողմից ներդրված կապիտալը շահաբաժինների հայտարարագրման ժամանակ գերազանցում է 100,000 ԱՄՆ դոլարը (կամ Պայմանավորվող պետություններից որևէ մեկի արժույթով դրան համարժեք գումարը);
բ) մնացած բոլոր դեպքերում` շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը:
Սույն կետի դրույթները չեն տարածվում այն հարկերի վրա, որոնք ընկերությունը վճարում է շահաբաժիններից ստացվող շահույթի համար:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածի իմաստով նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից, «օգտագործման» բաժնետոմսերից կամ «օգտագործման» իրավունքներից, հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ այլ՝ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող իրավունքներից, ինչպես նաև այն եկամուտը, որը ենթակա է հարկման նույն կարգով, ինչ բաժնետոմսերից ստացվող շահույթը՝ համաձայն այն պետության օրենքի, որի ռեզիդենտ է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժիններից օգտվող սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի դիմաց վճարվում են շահաբաժինները, փաստացիորեն կապված է այդ մշտական հաստատության կամ հաաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, ըստ հանգամանքների, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը եկամուտ կամ շահույթ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մյուս պետությունը չի կարող հարկման ենթարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին, կամ եթե ներդրումը, որի նկատմամբ վճարվում են շահաբաժինները, փաստացիորեն կապված է այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, ինչպես նաև երբ այդ պետությունը չի կարող չբաշխված շահույթի հարկ գանձել ընկերության չբաշխված շահույթի նկատմամբ, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:
6. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որ խոչընդոտի Պայմանավորվող պետությանը հավելյալ հարկեր գանձելու ընկերության՝ այդ պետությունում գտնվող մշտական հաստատությանը վերագրվող եկամուտներից կամ անշարժ գույքի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերության կողմից այդ պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից՝ ի լրումն այն հարկի, որը կգանձվեր այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության եկամուտներից՝ բացառությամբ, երբ այդ կերպ գանձվող ցանկացած լրացուցիչ հարկի չափը չի գերազանցում այն եկամուտների գումարի 5 տոկոսը, որոնք նախորդ հարկային տարիներում չեն ենթարկվել այդպիսի լրացուցիչ հարկման: Սույն դրույթի նպատակների համար «եկամուտներ» տերմինը նշանակում է՝ Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարմանը վերագրվող եկամուտներ, որոնք կարող են հարկվել այդ պետության կողմից՝ համաձայն 6-րդ հոդվածի կամ 13-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, ինչպես նաև այն շահույթը, ներառյալ ցանկացած եկամուտ, որը վերագրվում է Պայմանավորվող պետության մշտական հաստատությանը տվյալ տարում կամ նախորդ տարիներում, դրանից հանած այդ պետությունում տվյալ շահույթից գանձման ենթակա բոլոր հարկերը՝ բացի սույն կետում հիշատակված լրացուցիչ հարկից: