Հոդված 4
Հոդված 4
Ռեզիդենտ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝
ա) ցանկացած անձ, որը, այդ պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր հիմնադրման վայրի, մշտական բնակության վայրի, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որն այդ պետությունում ենթակա է հարկման միայն այդ պետության աղբյուրներից ստացված եկամտի նկատմամբ, և
բ) այդ պետությունը կամ նրա քաղաքական կամ վարչատարածքային ստորաբաժանումը կամ տեղական իշխանությունը կամ ցանկացած այդպիսի պետության ստորաբաժանման կամ տեղական իշխանության ցանկացած գործակալություն կամ ծառայություն:
2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան` ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, այդ ֆիզիկական անձի կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) ֆիզիկական անձը համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որտեղ մշտապես բնակվում է, իսկ եթե նա մշտապես բնակվում է երկու պետություններում, ապա ֆիզիկական անձը համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը, կամ եթե ֆիզիկական անձը պետություններից ոչ մեկում չունի մշտական կացարան, ապա ֆիզիկական անձը համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է,
գ) եթե ֆիզիկական անձը սովորաբար բնակվում է երկու պետություններում, կամ նրանցից և ոչ մեկում սովորաբար չի բնակվում, ապա ֆիզիկական անձը համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է հանդիսանում,
դ) եթե ֆիզիկական անձը հանդիսանում է երկու պետությունների քաղաքացի կամ չի հանդիսանում դրանցից ոչ մեկի քաղաքացի, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան` ընկերությունը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է միայն այն Պայմանավորվող պետության ռեզիդենտ, որում ստեղծվել է,
բ) եթե նա հիմնված չէ պետություններից ոչ մեկում, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի ղեկավարման վայրը:
4. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան` անձը, որն այլ է, քան ֆիզիկական անձը կամ ընկերությունը, հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փորձում են հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ և որոշել, թե Կոնվենցիան ինչպես պետք է կիրառել տվյալ անձի նկատմամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում այդ անձին իրավունք չի տրվում ազատվել Կոնվենցիայով նախատեսված հարկից կամ պահանջել հարկի նվազեցում: