Հոդված 7
Հոդված 7
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը վերը նշված ձևով իրականացնում է կամ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է տվյալ պետությունում գտնվող մշտական հաստատությանը:
2. 3-րդ կետի դրույթներին համապատասխան՝ եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով այնտեղ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որն այն կարող էր ստանալ նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն՝ լինելով ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործելով միանգամայն անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության նպատակների համար կրած ծախսերի նվազեցում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ նրանից՝ այդ ծախսերը կատարվել են այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ վայրերում: Սակայն չի թույլատրվում նվազեցնել մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին վճարված այն գումարները, եթե այդպիսիք կան, որոնք հանդես են գալիս (բացի փաստացի ծախսերի փոխհատուցումից) պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար՝ հոնորարների, ռոյալթիների, վարձավճարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկությունների, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով: Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվում ձեռնարկության գլխավոր գրասենյակի կամ նրա այլ գրասենյակների կողմից մշտական հաստատությանը վճարված գումարները (բացի փաստացի ծախսերի փոխհատուցումից) պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար՝ հոնորարների, հեղինակային կամ սեփականության իրավունքից ստացված եկամտի տոկոսների, վարձավճարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկությունների, մշտական հաստատությանը տրամադրած փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:
4. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը շահույթ վերագրելու համար:
5. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերագրվող շահույթը յուրաքանչյուր տարի պետք է որոշվի միևնույն եղանակով, եթե հակառակի համար հիմնավոր և բավարար պատճառ չկա:
6. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության ամբողջ շահույթն իր տարբեր ստորաբաժանումների միջև համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետում ոչինչ չի արգելի այդ Պայմանավորվող պետությանը հարկման ենթակա շահույթը որոշել բաշխման ընդունված եղանակով, այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում նշված սկզբունքներին:
7. Այն դեպքերում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնց մասին առանձին նշվում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: