Հոդված 21
Հոդված 21
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրի մեկ կամ մի քանի լրացումներ: Առաջարկվող լրացումների տեքստը հաղորդվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այդ մասին հաղորդում է բոլոր Պայմանավորվող կողմերին և տեղեկացնում է սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետում նշված բոլոր մյուս Պետություններին:
2. Գլխավոր քարտուղարի կողմից հաղորդված առաջարկվող լրացումների ուղարկման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Գլխավոր քարտուղարին կարող է տեղեկացնել, որ.
ա) առարկություն ունի առաջարկվող լրացման կապակցությամբ, կամ
բ) թեև մտադիր է ընդունելու առաջարկը, սակայն այն ընդունելու համար անհրաժեշտ պայմանները դեռևս չեն կիրառվում իր Պետությունում:
3. Եթե Պայմանավորվող կողմը Գլխավոր քարտուղարին ուղարկում է սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հաղորդագրությունը, նա կարող է, քանի դեռ չի ծանուցել Գլխավոր քարտուղարին առաջարկվող լրացումն ընդունելու մասին, առարկություն ներկայացնել առաջարկվող լրացման վերաբերյալ՝ իր հաղորդման համար նախատեսված վեցամսյա ժամանակահատվածին հաջորդող ինն ամսվա ընթացքում:
4. Եթե առաջարկվող լրացման առարկությունը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթների համաձայն, ապա լրացումը համարվում է չընդունված և ուժի մեջ չի մտնում:
5. Եթե առաջարկվող լրացման վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթների համաձայն որևէ առարկություն չի ստացվել, ապա լրացումը համարվում է ընդունված ստորև ներկայացված ժամկետից.
ա) եթե ոչ մի Պայմանավորվող կողմ հաղորդագրություն չի ուղարկել Գլխավոր քարտուղարին սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` սույն հոդվածի 2-րդ կետում նշված վեցամսյա ժամկետը լրանալու օրվանից,
բ) եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը հաղորդագրություն է ուղարկել Գլխավոր քարտուղարին սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` հետևյալ երկու ամսաթվերից ավելի վաղ.
- այն օրը, երբ հաղորդագրություն ուղարկած բոլոր Պայմանավորվող կողմերը ծանուցում են Գլխավոր քարտուղարին առաջարկության ընդունման մասին՝ պայմանով, որ եթե բոլոր ընդունողները ծանուցվել են մինչև սույն հոդվածի 2-րդ կետում նշված վեցամսյա ժամկետի լրանալը, ապա այդ օրը պետք է համարվի նշված վեցամսյա ժամկետը լրանալու օր,
- սույն հոդվածի 3-րդ կետում նշված ինն ամսվա ժամանակահատվածի լրանալու օրը:
6. Յուրաքանչյուր ընդունված համարվող լրացում ուժի մեջ է մտնում ընդունվելու օրից երեք ամիս անց:
7. Գլխավոր քարտուղարը հնարավորինս արագ ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին ինչպես սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ստացված առաջարկվող լրացմանը վերաբերող առարկությանը, այնպես էլ սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն մեկ կամ մի քանի Պայմանավորվող կողմերից ստացված հաղորդագրության մասին: Եթե նա ստացել է նման հաղորդագրություն մեկ կամ մի քանի Պայմանավորվող կողմերից, հետագայում բոլոր Պայմանավորվող կողմերին տեղեկացնում է հաղորդագրություն ուղարկած Պայմանավորվող կողմի կամ Կողմերի առաջարկվող լրացմանն առարկելու կամ այն ընդունելու մասին:
8. Անկախ լրացումների ընթացակարգին վերաբերող սույն հոդվածի 1-6-րդ կետերից՝ սույն Համաձայնագրի հավելվածը փոփոխվում է բոլոր Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությամբ. եթե Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինը հայտարարում է, որ, համաձայն իր ազգային օրենքի, իր համաձայնությունը կախված է այս նպատակով հատուկ լիազորումից կամ օրենսդիր մարմնի հաստատումից, Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի համաձայնությունը, կապված հավելվածի փոփոխության հետ, չի համարվում տրված, քանի դեռ նշված իրավասու մարմինը Գլխավոր քարտուղարին չի ծանուցում անհրաժեշտ լիազորումը կամ հաստատումը ձեռք բերելու մասին: Իրավասու մարմինների միջև ձեռք բերված համաձայնությամբ նշանակվում է փոփոխված հավելվածի ուժի մեջ մտնելու օրը և կարող է սահմանել, որ անցումային շրջանում հին հավելվածը փոփոխված հավելվածի հետ մեկտեղ ամբողջությամբ կամ մասամբ մնում է ուժի մեջ: