Հոդված 2. Սահմանումներ
Հոդված 2. Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակների համար.
1. «Ոչ նյութական մշակութային ժառանգություն»-ը ներառում է սովորույթները, բեմադրությունները, արտահայտությունները, գիտելիքներն ու հմտությունը, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքները, առարկաները, արվեստի գործերը և մշակութային տարածքները, որոնք համայնքների, խմբերի և, որոշ դեպքերում, անհատների կողմից ճանաչվում են որպես իրենց մշակութային ժառանգության մաս: Սերնդեսերունդ փոխանցվող այդ ոչ նյութական մշակութային ժառանգությունը մշտապես վերականգնվում է համայնքների ու խմբերի կողմից՝ ի պատասխան իրենց շրջապատող միջավայրի, բնության և իրենց պատմության հետ փոխազդեցության, և փոխանցում է նրանց ինքնատիպության ու հաջորդականության զգացողություն` դրանով իսկ նպաստելով մշակութային բազմազանության և մարդու ստեղծարարության նկատմամբ հարգանքի ձևավորմանը: Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` քննության է առնվում միայն այն ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը համատեղելի է մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերի, ինչպես նաև համայնքների, խմբերի և անհատների միջև փոխադարձ հարգանքի և կայուն զարգացման պահանջների հետ:
2. «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը», ինչպես սահմանված է վերոհիշյալ 1-ին կետում, ի թիվս այլոց, դրսևորվում է հետևյալ բնագավառներում.
ա) բանավոր ավանդություններ և արտահայտություններ, ներառյալ լեզուն՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման միջոց,
բ) կատարողական արվեստներ,
գ) սոցիալական սովորույթներ, ծեսեր, տոնակատարություններ,
դ) բնությանը և տիեզերքին վերաբերող գիտելիքներ և սովորույթներ,
ե) ավանդական արհեստներ:
3. «Պաշտպանություն» նշանակում է` ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ապահովելուն ուղղված միջոցներ` ներառյալ այդ ժառանգության նույնականացումը, փաստաթղթերով ձևակերպումը, հետազոտությունը, պահպանությունը, պաշտպանությունը, խթանումը, բարելավումը, փոխանցումը` գլխավորապես պաշտոնական և ոչ պաշտոնական կրթության միջոցով, ինչպես նաև այդպիսի ժառանգության տարբեր ուղղությունների վերակենդանացումը:
4. «Մասնակից պետություններ» նշանակում է` պետություններ, որոնց համար սույն Կոնվենցիան պարտադրող է, և որոնց նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է:
5. Սույն Կոնվենցիան համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կիրառվում է 33-րդ հոդվածում նշված տարածքների նկատմամբ, որոնք դառնում են Կոնվենցիայի Մասնակիցներ` այդ հոդվածով հաստատված պայմանների համաձայն: Այդ առումով «Մասնակից պետություններ» արտահայտությունը վերաբերում է նաև այդ տարածքներին: