Հոդված 19. Փաստաբանի պարտականությունները
Հոդված 19. Փաստաբանի պարտականությունները
Փաստաբանը պարտավոր է`
1) պահպանել սույն օրենքի, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» և միության կանոնադրության պահանջները.
2) չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
3) չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում` առանց նրա հետ համաձայնեցնելու, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման` չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը:
Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալ`
1) երկու կամ ավելի անձանց նույն հարցով, եթե նրանց շահերի միջև առկա է հակասություն.
2) եթե տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատակից, փորձագետ կամ վկա.
3) ներկայացրել է վստահորդին որևէ գործում, եթե այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:
Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն:
Փաստաբանն իրավունք ունի հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքած պայմանագրով նախատեսված դեպքերում: Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել փաստաբանի ծառայությունից` փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:
Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղյակ պահել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել իր մոտ եղած համապատասխան փաստաթղթերը: