Հոդված 26. Փաստաբանների միության գրանցումը
Հոդված 26. Փաստաբանների միության գրանցումը
Փաստաբանների միության գրանցումն իրականացնում է վճռաբեկ դատարանի նախագահը:
Փաստաբանների միությունը գրանցման նպատակով վճռաբեկ դատարան է դիմում հիմնադիր ժողովի ավարտից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:
Փաստաբանների միությունը գրանցման նպատակով վճռաբեկ դատարան է ներկայացնում `
1) գրանցման մասին դիմում.
2) հիմնադիր ժողովի արձանագրությունը.
3) հիմնադիրների արձանագրային տվյալները.
4) կանոնադրությունը` չորս օրինակից` ստորագրված միության ղեկավարի կողմից.
5) մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ անձանց անձնագրային տվյալները.
6) փաստաթուղթ միության գործունեության վայրի մասին և հասցեն.
7) հիմնադիրների փաստաբանական գործունեության արտոնագրերի կամ որակավորման քննությունների վկայագրերի պատճենները.
8) գրանցման համար մուծված պետական տուրքի անդորրագիրը:
Անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո վճռաբեկ դատարանի նախագահը երեսուն օրվա ընթացքում քննարկում և որոշում է կայացնում միությունը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին: Սահմանված ժամկետում գրանցումը չմերժելու դեպքում միությունը համարվում է գրանցված:
Գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում, վճռաբեկ դատարանի նախագահը փաստաբանների միությանն է հանձնում գրանցման վկայագիրը կամ գրանցումը մերժելու մասին որոշման պատճենը, որտեղ պետք է նշված լինեն մերժման հիմքերը:
Միությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում գրանցման պահից: Գրանցման պահից նոր միության այն անդամների արտոնագրերը, որոնք եղել են այլ միության անդամ, ուժը կորցրած են համարում:
Փաստաբանների միության կանոնադրության փոփոխությունները իրավաբանական ուժ են ստանում սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելուց հետո:
«Փաստաբանների միության կանոնագիրքը» գրանցվում է և դրանում փոփոխություններ են կատարվում սույն օրենքով փաստաբանների միության կանոնադրության գրանցման և դրանում փոփոխություններ կատարելու համար սահմանված կարգով: