Հոդված 22. Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը
Հոդված 22. Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը
Սույն օրենքի, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» և միության կանոնադրության պահանջները խախտելու համար փաստաբանը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
Փաստաբանի նկատմամբ կարգապահական գործ հարուցում և նրա նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում փաստաբանների այն միության կարգապահական հանձնաժողովը, որի անդամ է տվյալ փաստաբանը: Կարգապահական գործ հարուցվում է ստացված գրավոր հաղորդումների հիման վրա: Անստորագիր և անհասցե հաղորդումներն ստուգման ենթակա չեն:
Կարգապահական գործ հարուցելու մասին որոշումն անհապաղ հաղորդվում է փաստաբանին:
Կարգապահական գործ կարող է հարուցվել կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերմամբ, դրանց վերաբերյալ ստացված հայտարարության կամ հաղորդման օրվանից տասնօրյա ժամկետում:
Փաստաբանի նկատմամբ կարգապահական գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործը ենթակա է կարճման, եթե անցել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը:
Փաստաբանին չի կարելի կարգապահական պատասխանատվության ենթարկել, եթե խախտումը հայտնաբերելու օրվանից անցել է երեք ամիս:
Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, փաստաբանը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանից 2 ամսվա ընթացքում:
Կարգապահական գործի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` ներառյալ որոշման ընդունումը: