Հոդված 2. Ղեկավար սկզբունքները
Հոդված 2. Ղեկավար սկզբունքները
1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման սկզբունքը
Մշակութային բազմազանության պաշտպանությունը և խրախուսումը հնարավոր են միայն այն ժամանակ, երբ երաշխավորված են մարդու իրավունքները և այնպիսի հիմնարար ազատությունները, ինչպիսիք են կարծիքների արտահայտման, տեղեկատվության և հաղորդակցության ազատությունը, ինչպես նաև առանձին անձանց մշակութային ինքնարտահայտման ձևերի ընտրության հնարավորությունը: Ոչ ոք չի կարող կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով հռչակված և միջազգային իրավունքով երաշխավորված` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարելու կամ դրանք սահմանափակելու համար:
2. Ինքնիշխանության սկզբունքը
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների` պետություններն ունեն իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և խրախուսմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու և քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունք:
3. Բոլոր մշակույթների հարգման և հավասար արժևորման սկզբունքը
Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունն ու խրախուսումը ենթադրում են բոլոր մշակույթների, ներառյալ փոքրամասնություններին և տեղաբնիկ ժողովուրդներին պատկանող անձանց մշակույթը, հարգում և հավասար արժևորման ճանաչում:
4. Միջազգային համերաշխության և համագործակցության սկզբունքը
Միջազգային համագործակցությունն ու համերաշխությունը պետք է ուղղված լինեն բոլոր երկրներին, հատկապես զարգացող երկրներին` մշակութային ինքնարտահայտման իրենց միջոցները (ներառյալ իրենց ինչպես ձևավորվող, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մշակութային արդյունաբերությունը) ստեղծելու ու ամրապնդելու համար հնարավորության տրամադրմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:
5. Զարգացման տնտեսական և մշակութային ասպեկտների փոխլրացման սկզբունքը
Քանի որ մշակույթը հանդիսանում է զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը, զարգացման մշակութային ասպեկտները նույնքան կարևոր նշանակություն ունեն, որքան տնտեսական ասպեկտները, և մարդիկ ու ժողովուրդներն ունեն դրանց մասնակցելու և դրանց արդյունքներից օգտվելու հիմնարար իրավունք:
6. Կայուն զարգացման սկզբունքը
Մշակութային բազմազանությունը մարդկանց և հասարակության արժեքավոր հարստությունն է: Մշակութային բազմազանության պաշտպանությունը, խրախուսումը և աջակցումը հանդիսանում են կայուն զարգացման ապահովման կարևորագույն պահանջներից մեկը՝ ի շահ ներկա և ապագա սերունդների:
7. Հավասար մատչելիության սկզբունքը
Մշակութային բազմազանության ապահովման և փոխըմբռնման խրախուսման կարևոր գործոններից են հանդիսանում հավասար մատչելիությունը ողջ աշխարհի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության հագեցած գամմային և մշակույթների մատչելիությունը ինքնարտահայտման ու տարածման միջոցներին:
8. Բաց լինելու և հավասարակշռության սկզբունքը
Երբ պետությունները մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությանն աջակցելու միջոցներ են ձեռնարկում, նրանք պետք է ձգտեն պատշաճ ձևով նպաստել աշխարհի այլ մշակույթների համար բաց լինելուն և ապահովել, որ այդ միջոցները համապատասխանեն սույն Կոնվենցիայով նախատեսված նպատակներին:
II. Կիրառման ոլորտը