Հոդված 6. Մասնակիցների իրավունքներն ազգային մակարդակով
Հոդված 6. Մասնակիցների իրավունքներն ազգային մակարդակով
1. 4-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված իր մշակութային քաղաքականության և միջոցների շրջանակներում և հաշվի առնելով իր սեփական կոնկրետ պայմաններն ու կարիքները` յուրաքանչյուր մասնակից կարող է ձեռնարկել միջոցներ` ուղղված իր տարածքում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը:
2. Այդ միջոցները կարող են ներառել հետևյալը.
ա) կանոնակարգող միջոցներ` ուղղված մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը,
բ) միջոցներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են հնարավորություններ, որպեսզի ազգային մշակութային գործունեությունը և մշակութային ապրանքներն ու ծառայություններն իրենց տեղը գտնեն իրենց տարածքներում առկա մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների տեսակների ողջ համակցությունում` դրանց ստեղծման, արտադրության, տարածման, բաշխման, ինչպես նաև դրանց գործածման տեսանկյունից, ներառյալ այդ գործունեության, ապրանքների ու ծառայությունների առնչությամբ գործածվող լեզվին վերաբերող միջոցները,
գ) միջոցներ, որոնք ուղղված են մշակույթի անկախ ազգային արդյունաբերության և ոչ ֆորմալ սեկտորի գործունեության համար մշակութային գործունեության և մշակութային ապրանքների և ծառայությունների արտադրության, տարածման ու բաշխման միջոցների իրական մատչելիություն ապահովելուն,
դ) միջոցներ` ուղղված պետական ֆինանսական օգնություն տրամադրելուն,
ե) միջոցներ` ուղղված ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններին, արվեստի գործիչներին և մշակույթի բնագավառի այլ մասնագետներին` գաղափարների, մշակութային ինքնարտահայտման ձևերի, մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ազատ փոխանակման զարգացման ու խրախուսման, ինչպես նաև նրանց գործունեության ստեղծագործական և ձեռներեցության ոգին խթանելու հարցերում աջակցություն տրամադրելուն,
զ) միջոցներ, որոնք ուղղված են, ըստ անհրաժեշտության, համապատասխան պետական հաստատությունների ստեղծմանն ու դրանց աջակցմանը,
է) միջոցներ` ուղղված արվեստի գործիչների և մշակութային ինքնարտահայտման ձևերի ստեղծմանը մասնակցող այլ անձանց խրախուսմանն ու աջակցությանը,
ը) միջոցներ` ուղղված տեղեկատվական միջոցների բազմազանության խրախուսմանը, այդ թվում` հանրային ռադիոհեռարձակման զարգացման ճանապարհով: