Հոդված 1. Նպատակները
Հոդված 1. Նպատակները
Սույն Կոնվենցիայի նպատակներն են.
ա) մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը և խրախուսումը,
բ) տարբեր մշակույթների բարգավաճման և ազատ փոխազդեցության համար պայմանների ստեղծումը փոխշահավետության սկզբունքով,
գ) մշակույթների միջև երկխոսությանն աջակցումը` ամբողջ աշխարհում առավել լայն և հավասարակշռված մշակութային փոխանակումներ ապահովելու նպատակով, ի շահ մշակույթների և խաղաղության մշակույթի փոխադարձ հարգանքի,
դ) միջմշակութային փոխազդեցությանն աջակցումը` ժողովուրդների միջև մշակութային կամուրջների կառուցման ոգով մշակույթների փոխներթափանցումը զարգացնելու նպատակով,
ե) մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության նկատմամբ հարգանքի խրախուսումը և այդ բազմազանության արժեքի գիտակցման բարձրացումը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով,
զ) բոլոր երկրների, հատկապես զարգացող երկրների համար մշակույթի և զարգացման միջև փոխկապակցվածության կարևորության հաստատումը և այդ փոխկապակցվածության իրական արժեքի ընդունումն ապահովելու նպատակով ազգային և միջազգային մակարդակներով ձեռնարկվող գործողություններին աջակցումը,
է) մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների` որպես ինքնությունը, արժեքները և իմաստը կրողի առանձնահատուկ բնույթի ճանաչումը,
ը) պետությունների` իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված, այդ պետությունների կողմից պատշաճ համարվող քաղաքականության և միջոցների աջակցության, ընդունման և իրականացման ինքնիշխան իրավունքի հաստատումը,
թ) միջազգային համագործակցության և համերաշխության ամրապնդումը գործընկերության ոգով, մասնավորապես, մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման ոլորտում զարգացող երկրների հնարավորություններն ընդլայնելու նպատակով: