Հոդված 23. Միջկառավարական կոմիտեն
Հոդված 23. Միջկառավարական կոմիտեն
1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ստեղծվում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման Միջկառավարական կոմիտե, այսուհետ՝ Միջկառավարական կոմիտե: Կոմիտեի կազմում ընդգրկվում են Կոնվենցիայի 18 մասնակից պետությունների ներկայացուցիչներ, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով, մասնակիցների Համաժողովի կողմից` 29-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:
2. Միջկառավարական կոմիտեն նիստեր է գումարում ամեն տարի:
3. Միջկառավարական կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է մասնակիցների Համաժողովի կառավարմամբ, նրա ղեկավարման ցուցումներին համապատասխան և հաշվետու է նրան:
4. Հենց որ Կոնվենցիայի մասնակիցների թիվը հասնի 50-ի, Միջկառավարական կոմիտեի անդամների թիվը պետք է ավելանա մինչև 24-ը:
5. Միջկառավարական կոմիտեի անդամների ընտրություններն իրականացվում են աշխարհագրական արդարացի բաշխման և ռոտացիայի սկզբունքներին համապատասխան:
6. Առանց վնասելու սույն Կոնվենցիայով իր համար նախատեսված այլ պարտավորությունները` Միջկառավարական կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) աջակցություն սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանը, ինչպես նաև նրա իրականացման խրախուսումը և մոնիտորինգը,
բ) մասնակիցների Համաժողովի խնդրանքով` Կոնվենցիայի դրույթների իրականացման և կիրառման օպերատիվ ղեկավար սկզբունքների մշակում և ներկայացում մասնակիցների Համաժողովի հաստատմանը,
գ) Կոնվենցիայի մասնակիցների զեկույցների ներկայացում մասնակիցների Համաժողովին` իր մեկնաբանություններով և դրանց բովանդակության համառոտ շարադրմամբ,
դ) համապատասխան առաջարկությունների մշակում այն իրադրություններում, որոնց մասին ինքը տեղեկացվել է մասնակիցների կողմից Կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես, 8-րդ հոդվածի համաձայն,
ե) միջազգային այլ ֆորումների շրջանակներում սույն Կոնվենցիայի սկզբունքների և նպատակների հաստատմանն ուղղված ընթացակարգերի և խորհրդակցությունների այլ մեխանիզմների սահմանում,
զ) ցանկացած այլ խնդրի իրականացում, որը կարող է հանձնարարվել մասնակիցների Համաժողովի կողմից:
7. Միջկառավարական կոմիտեն, համաձայն իր ընթացակարգի կանոնների, կարող է ցանկացած ժամանակ պետական կամ մասնավոր կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց առաջարկել մասնակցել իր նիստերին` կոնկրետ խնդիրների շուրջ նրանց հետ խորհրդակցելու նպատակով:
8. Միջկառավարական կոմիտեն մշակում է իր ընթացակարգի կանոնները և դրանք ներկայացնում մասնակիցների Համաժողովի հաստատմանը: