Հոդված 27. Միանալը
Հոդված 27. Միանալը
1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր այն պետությունների միանալու համար, որոնք չեն հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամներ, բայց հանդիսանում են Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված հաստատություններից մեկի անդամներ, և որոնց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսը հրավիրում է միանալու դրան:
2. Սույն Կոնվենցիան բաց է նաև այն տարածքների միանալու համար, որոնք ունեն լիակատար ներքին ինքնակառավարում և Միավորված ազգերի կազմակերպության կողմից ճանաչված են այդպիսին, բայց ձեռք չեն բերել լիակատար անկախություն՝ Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին համապատասխան, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով ներառվող հարցերում, ներառյալ այդ հարցերի շուրջ համաձայնագրեր կնքելու իրավասությունը:
3. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.
ա) սույն Կոնվենցիան բաց է նաև տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ցանկացած կազմակերպության միանալու համար, որի վրա, ինչպես մասնակից պետությունների վրա, լիովին դրվում են Կոնվենցիայի դրույթներից բխող պարտավորությունները ներքոհիշյալ կետերում ներկայացված վերապահումներով,
բ) այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ մի քանի անդամ պետություններ հանդիսանում են նաև սույն Կոնվենցիայի մասնակից, այդ կազմակերպությունը և այդ անդամ պետությունը կամ պետությունները պայմանավորվում են սույն Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարման պատասխանատվությունը սահմանափակելու մասին: Այդ սահմանափակումն ուժի մեջ է մտնում «գ» ենթակետում նկարագրված ծանուցման ընթացակարգի ավարտից հետո: Կազմակերպությունը և անդամ պետությունները չեն կարող միաժամանակ իրականացնել սույն Կոնվենցիայից բխող իրավունքները: Բացի դրանից` իրենց իրավասությանն առնչվող հարցերի կապակցությամբ ձայնի իրենց իրավունքի իրականացման նպատակների համար տնտեսական ինտեգրման կազմակերպությունների ունեցած ձայների թիվը հավասար է սույն Կոնվենցիայի մասնակից հանդիսացող իրենց անդամների պետությունների թվին: Այդ կազմակերպությունները չեն կարող օգտվել ձայնի իրենց իրավունքից, եթե այդ իրավունքն իրականացնում են իրենց անդամ պետությունները, և հակառակը,
գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունը և նրա անդամ պետությունը կամ պետությունները, որոնք պայմանավորվել են պատասխանատվության սահմանափակման մասին, ինչպես նախատեսված է «բ» ենթակետով, տեղեկացնում են մասնակիցներին նման ենթադրյալ սահմանափակման մասին հետևյալ ձևով.
i) միանալու մասին իր փաստաթղթում այդ կազմակերպությունը հստակ նշում է Կոնվենցիայով կարգավորվող հարցերում պատասխանատվության սահմանափակման մասին,
ii) պատասխանատվության համապատասխան սահմանափակման հերթական փոփոխության դեպքում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունը տեղեկացնում է ավանդապահին պատասխանատվության նման փոփոխության վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին. իր հերթին ավանդապահն այդ փոփոխության մասին տեղեկացնում է մասնակիցներին,
դ) ենթադրվում է, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության անդամ պետությունները, որոնք դառնում են Կոնվենցիայի մասնակիցներ, ինչպես նախկինում, իրավասու են կազմակերպությանը լիազորությունների փոխանցման առարկա չհանդիսացող բոլոր հարցերում, որի մասին հստակ հայտարարված կամ հաղորդված է ավանդապահին,
ե) «տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություն» ասելով` հասկանում ենք` կազմակերպություն, որը կազմված է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված հաստատություններից մեկի անդամ հանդիսացող ինքնիշխան պետություններից, և որին այդ պետությունները փոխանցել են իրենց լիազորությունները սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, և որը պատշաճ կերպով լիազորված է, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, դառնալ Կոնվենցիայի մասնակից:
4. Միանալու մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին: