Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 26. Պարտատերերի ժողովը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. Պարտատերերի ժողովը

1. Մրցութային վարույթ հարուցելուց հետո դատարանը որոշում է պարտատերերի ժողովի վայրը և ժամանակը: Դատարանի անդամները չեն կարող ներկա լինել պարտատերերի ժողովին:

2. Պարտատերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեն պարտատերերը կամ նրանց կողմից լիազորված անձինք (մարմինները), մրցութային կառավարիչը, պարտապանը կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը): Պարտատերերի ժողովում ձայների իրավունք ունեն մրցութային և այն պարտատերերը, որոնց հանդեպ պարտապանի ստանձնած պարտավորությունների արժեքը գերազանցում է գրավի արժեքը:

Պարտատերերի ձայների քանակը սահմանվում է`

մրցութային պարտատերերի համար` նրանց կողմից ներկայացված հայցերի գումարներին համապատասխան.

այլ պարտատերերի համար` գրավով չապահովված պարտավորությունների գումարներին համապատասխան:

3. Պարտատերերի ժողովն իրավասու է`

դատարանի հաստատմանը ներկայացնել մրցութային կառավարչի թեկնածությունը կամ առաջարկել դատարանին նշանակել մրցութային նոր կառավարիչ.

քննարկել մրցութային վարույթի ընթացքը.

մրցութային կառավարչին դատարանի որոշմամբ թույլ տալ կատարելու պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման հետ կապված առանձին գործարքներ.

դատարանին կարծիք ներկայացնել պարտապանի գույքը գրավ դնելու կարգի վերաբերյալ.

որոշումներ ընդունել հաշտության գործարք կնքելու մասին.

վերահսկել մրցութային կառավարչի գործունեությունը.

ներգրավել մասնագետների` մրցութային կառավարչի գործողությունները վերահսկելու նպատակով.

դատարանին կարծիք ներկայացնել, մինչև մրցութային վարույթի հարուցումը, պարտապանի սկսած գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ.

դատարանի համաձայնությամբ որոշում ընդունել պարտապանի ֆինանսական վիճակի, գործունեության ստուգման, ինչպես նաև վերակազմավորման կամ լուծարման նախագծի մշակմանը մասնակցելու վերաբերյալ.

դատարանին ներկայացնել կարծիք` պարտապանի վերակազմավորման կամ լուծարման նախագծերի վերաբերյալ.

որոշում ընդունել պարտատերերի ժողովի օպերատիվ մարմին` պարտատերերի կոմիտե, ստեղծելու վերաբերյալ և սահմանել պարտատերերի կոմիտեի իրավասությունը, սահմանված ժամկետով վերջինիս, մասամբ կամ ամբողջությամբ, փոխանցել պարտատերերի ժողովի լիազորությունները.

գանգատարկել դատարանում մրցութային կառավարչի ընդունած որոշումները:

4. Պարտատերերի ժողովն իրավազոր է, եթե ներկա են ձայնի իրավունք ունեցող այն պարտատերերը, ովքեր ներկայացնում են պարտատերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտատերերի ընդհանուր հայցագումարի 70 տոկոսից ոչ պակասը: Պարտատերերի ժողովի որոշումներն ընդունվում են պարտատերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի ընդհանուր հայցագումարի 50 տոկոսից ավելին ներկայացնողների համաձայնությամբ:

5. Պարտատերերի ժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերով, որոնք հրավիրվում են դատարանի կամ կառավարչի կողմից կամ պարտատերերի ժողովի անդամների մեծամասնության առաջարկությամբ: Նիստերը վարում է մրցութային պարտատերերի թվից ժողովում ընտրված նախագահը:

6. Պարտատերերի ժողովը կարող է ընտրել պարտատերերի կոմիտե` բաղկացած 7 կամ ավելի մրցութային պարտատերերից:

Պարտատերերի ժողովի ներկայացմամբ դատարանը հաստատում է պարտատերերի կոմիտեի կազմը:

Այն պարտատերը, որի հայցը կազմում է բացահայտված հայցագումարի ավելի քան 25 տոկոսը, իր ցանկությամբ ընդգրկվում է պարտատերերի կոմիտեում` առանց ընտրության:

Պարտատերերի կոմիտեի աշխատանքի ընթացքում պարտատերերի կոմիտեի անդամին կարող է ներկայացնել նաև նրա կողմից լիազորված անձը (մարմինը):

Պարտատերերի կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են դատարանի որոշմամբ, ինչպես նաև մրցութային կառավարչի կամ պարտատերերի կոմիտեի անդամների մեծամասնության առաջարկությամբ: Նիստերը, պարտատերերի կոմիտեի անդամների ընտրությամբ, վարում է պարտատերերի կոմիտեի անդամներից մեկը:

Պարտատերերի կոմիտեի որոշումներն ընդունվում են անդամների ձայների առնվազն 2/3-ով` մեկ անդամ` մեկ ձայն սկզբունքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։