Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 ·

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Պարտավորություններ են համարվում ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների գույքային պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական բյուջեների, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի, անհատ ձեռներեցների, ֆիզիկական այլ անձանց նկատմամբ:

Գույքային պարտավորությունները օրինական են ճանաչվում, եթե ձևակերպված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե պարտատերը միջազգային կազմակերպություն է, ապա վերջինիս գույքային պարտավորությունները օրինական են ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

2. Պարտապան են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատերերը (մասնակիցները), որոնք ի վիճակի չեն կամ հրաժարվում են ժամանակին կատարել պարտատիրոջ հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները:

3. Պարտատեր են համարվում Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների այն ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերը (մասնակիցները), իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները, որոնք պարտապանի հանդեպ օրինական պահանջներ ունեն:

Մրցութային պարտատեր է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավառու հանդիսացող պարտատերը:

4. Սնանկացման (անվճարունակ) վիճակ է համարվում պարտատերերի հանդեպ պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց հետո երեք ամիս անց այդ պարտավորությունների կատարման անկարողությունը, որը պայմանավորված է վճարման միջոցների կայուն անբավարարությամբ:

5. Սնանկացում (անվճարունակություն) է համարվում պարտատիրոջ (պարտատերերի) հանդեպ պարտապանի ստանձնած գույքային պարտավորությունների կատարման կասեցումը դատարանի որոշմամբ կամ պարտապանի և պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությամբ` կապված վճարման միջոցների անբավարարության պատճառով պարտապանի կողմից այդ գույքային պարտավորությունների կատարման անկարողության հետ:

Սնանկացումը համարվում է կայացած այդ փաստը դատարանի կողմից ճանաչվելու կամ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցում կատարելու պահից:

6. Հնարավոր սնանկացումը (անվճարունակությունը) ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների այնպիսի վիճակն է, որի շարունակումը կարող է հանգեցնել սնանկացման, եթե ժամանակին չսկսվի սնանկացման գործի դատական քննություն:

7. Դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության դատական այն մարմինը, որը քննում է սնանկացման վերաբերյալ գործեր:

8. Պետական մասնակցությամբ ձեռնարկություններ են համարվում այն ձեռնարկությունները, որոնց գույքի կազմում պետական (իշխանության տեղական մարմինների) սեփականության մասը 50 և ավելի տոկոս է:

9. Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույք են համարվում սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքային օբյեկտները և գույքային իրավունքները, իսկ պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների համար` դրանց կողմից լրիվ տնտեսավարման իրավունքով օգտագործվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գույքային օբյեկտները և գույքային իրավունքները:

10. Մրցութային վարույթ է համարվում սնանկացման վերաբերյալ դատական քննության այն փուլը, որը որպես կանոն անցկացվում է նախնական ընթացակարգից հետո, պարտապանին վերակազմավորելու և (կամ) սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի իրացումը, վաճառքը դատարանի կողմից հաստատված կարգով իրականացնելու, ինչպես նաև պարտատերերի օրինական պահանջների բավարարման և պարտապանին պարտքերից ազատելու նպատակով:

11. Մրցութային վարույթի սկզբնական հաշվեկշիռ է համարվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող այն գույքի արժեքային գնահատականը (մրցութային վարույթ հարուցելու օրվա դրությամբ), որի վրա կարող է բռնագանձում տարածվել և, որը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա է իրացման սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների մարման նպատակով:

Մրցութային վարույթի լուծարման հաշվեկշիռ է համարվում սնանկ ճանաչված պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, այդ թվում` նրա պարտավորությունների կատարման նպատակով իրացված գույքի արժեքը` մրցութային կառավարչի հաշվետվությունը ներկայացնելու պահի դրությամբ:

12. Մրցութային կառավարիչ է համարվում դատարանի կողմից նշանակված և սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը սույն օրենքով սահմանված կարգով կառավարելու իրավունք ստացած ցանկացած անձ:

13. Պարտապանի ֆինանսական դրության առողջացում է համարվում պարտատերերի կամ այլ անձանց կողմից տրամադրվող ֆինանսական, վարկային, տեխնիկական և այլ կարգի օգնությունների, առաջարկվող միջոցառումների իրականացումը, որով նպատակ է դրվում պարտապանին դուրս բերել սնանկացման վիճակից:

14. Ձեռնարկության վերակազմավորումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված կառուցվածքային, կազմակերպական-իրավական, տեխնոլոգիական և այլ կարգի փոփոխությունների իրականացման գործընթացն է, որը կատարվում է ձեռնարկության ֆինանսական դրության առողջացման կամ պարտատերերի օրինական պահանջների առավելագույն բավարարման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։