Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 ·

Հոդված 33. Պարտապանի պարտավորությունների մարման կարգը

գործել է մինչև 1997-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 33. Պարտապանի պարտավորությունների մարման կարգը

1. Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի հաշվին առաջին հերթին ապահովվում է այն պարտավորությունների կատարումը, որոնցով նախատեսված է մրցութային միջոցների մեջ չմտած գրավի առարկա հանդիսացող գույքի օտարումը պարտատիրոջը բնաիրային ձևով: Այդ դեպքում նշված գույքը վաճառքի ենթակա չէ, և դրա նկատմամբ սեփականության իրավունքը դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցվում է պարտատիրոջը` բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի, եթե գրավատուն համաձայնվել է գրավի դրամական փոխհատուցմանը:

2. Սույն օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի վաճառքից գոյացած գումարը ծախսվում է հետևյալ պահանջների (պարտավորությունների) խմբերի հերթականությամբ`

ա) սնանկացման գործի վարման հետ կապված դատական և այլ ծախսերի, այդ թվում` մրցութային վարույթի և մրցության կառավարչի ծախսերի փոխհատուցում.

բ) գրավով ապահովված պարտավորությունների կատարում, այդ թվում` բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները բավարարվում են առաջին հերթին, գրավատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները բավարարվում են գրավը հաստատող փաստաթղթերում նշված գրավի արժեքին համապատասխան, իսկ սույն օրենքի 30 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում, երբ գրավի արժեքը չի նշված` դատարանի և գրավատուի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան համապատասխան պարտավորության արժեքը:

Եթե պարտավորության արժեքը գերազանցում է գրավի արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը ենթակա է բավարարման մրցութային պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:

Եթե գրավի արժեքը գերազանցում է պարտավորության արժեքը, ապա մնացորդը օգտագործվում է ըստ հերթականության հաջորդ պահանջների բավարարման նպատակով.

գ) պարտապանի վարձու աշխատողների վարձատրման, թոշակների և նպաստների վճարման հետ կապված այն պահանջների բավարարում, որոնք ծագել են մրցութային վարույթը հարուցվելուց առաջ երեք տարվա ընթացքում, ինչպես նաև աշխատանքից ազատված աշխատողներին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման վճարումների իրականացում.

դ) սնանկացման գործի հարուցումից առաջ մեկ տարվա ընթացքում` պետական բյուջեի հանդեպ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումների կապակցությամբ ծագած պարտավորությունների կատարում.

ե) մրցութային պարտատերերի պահանջների բավարարում.

զ) սնանկ ճանաչված ընկերությունների վարձու աշխատող հանդիսացող բաժնետերերի (փայատերերի) պահանջների բավարարում.

է) պարտապանի սեփականատիրոջ (սեփականատերերի` առաջին հերթին վարձու աշխատող հանդիսացող) գույքային իրավունքների ապահովում.

ը) օրինական ճանաչված այլ պահանջների (այդ թվում` այն պահանջների, որոնք ներկայացվել են դրանց հաստատման համար նշված ժամկետը լրանալուց հետո) բավարարում:

3. Յուրաքանչյուր խմբի պահանջներ բավարարվում են միայն նախորդ խումբ պահանջների լրիվ բավարարումից հետո: Եթե նշված խմբի բոլոր պահանջների լրիվ բավարարման համար գույքի իրացումից ստացված դրամական միջոցների մնացորդը բավարար չէ, ապա այդ պահանջները բավարարվում են յուրաքանչյուր պահանջի գումարին համապատասխան:

4. Այն դեպքում, եթե սնանկ հայտարարված իրավաբանական անձը հանդիսանում է պետական մասնակցությամբ ձեռնարկություն, ապա բոլոր պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են հանրապետական (տեղական) բյուջե: Այդ միջոցների ծախսման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։