Հոդված 37. Վերակազմավորման նախագիծը
Հոդված 37. Վերակազմավորման նախագիծը
1. Մրցութային վարույթը հարուցվելու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում պարտապանը իրավասու է ներկայացնել վերակազմավորման սեփական նախագիծ: Եթե պարտապանի կողմից ներկայացված վերակազմավորման նախագիծը չի արժանացել պարտատերերի ժողովի (կոմիտեի) հավանությանը կամ չի հաստատվել դատարանի կողմից կամ պարտապանը նշված ժամկետում վերակազմավորման նախագիծ չի ներկայացրել, ապա այդ նախագիծը ներկայացնելու իրավունքը փոխանցվում է մրցութային կառավարչին: Մրցութային կառավարիչն այդ նախագիծը դատարան և պարտատերերին կարող է ներկայացնել պարտապանի կողմից ներկայացված նախագիծը մերժվելու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում (սակայն ոչ ավելի, քան մրցութային վարույթ հարուցվելուց հետո երկու ամսվա ընթացքում):
2. Վերակազմավորման նախագիծը պետք է`
պարունակի լրիվ տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի մասին.
առավելագույն չափով բավարարի պարտատերերի պահանջները.
հաշվի առնի աշխատատեղերի առավելագույն պահպանման հնարավորությունները.
ընդգրկի ձեռնարկության սնանկության վերացմանը (գույքագրում, գույքի մի մասի վաճառք, ձեռնարկության կառուցվածքի և գործունեության ոլորտների փոփոխություններ) ուղղված միջոցառումներ և սահմանի այդ միջոցառումների իրականացման ժամկետները.
ապահովի պարտապանի գործունեության հնարավորությունները դրա վերակազմավորումից հետո:
3. Պարտատերերի ժողովի (կոմիտեի) հավանությանն արժանացած նախագիծը հաստատվում է դատարանի կողմից:
Նախագծի հետ չհամաձայնվող պարտատերերը կարող են գանգատարկել այն դատարանում:
4. Այն դեպքում, եթե վերակազմավորման նախագիծը սույն հոդվածում նշված ժամկետներում չի ներկայացվել պարտապանի կամ մրցութային կառավարչի կողմից կամ հավանության չի արժանացել պարտատերերի ժողովի (կոմիտեի) կողմից կամ չի հաստատվել դատարանի կողմից, ապա մրցութային վարույթն իրականացվում է պարտապանի լուծարման միջոցով: