Հոդված 40. Հաշտության գործարքի քննարկումը դատարանում
Հոդված 40. Հաշտության գործարքի քննարկումը դատարանում
1. Հաշտության գործարքի վերաբերյալ դատարանին դիմում տալու դեպքում պարտապանը պարտավոր է ներկայացնել հաշտության համաձայնագրի նախագիծ, ինչպես նաև ձեռնարկության հաշվեկշիռը և բոլոր այն պարտատերերի ցուցակը, որոնց պահանջների հիման վրա կնքվում է հաշտության գործարք, ինչպես նաև այն պարտատերերի ցուցակը, որոնց պահանջները հաշտության գործարքի առարկա չեն:
2. Հաշտության գործարքի քննության օրվա մասին դատարանը ծանուցում է շահագրգիռ կողմերին: Հրավիրված անձանց չներկայանալը չի խոչընդոտում գործի քննությանը:
3. Դատարանն իր նիստում պարտավոր է լսել հաշտության գործարքի դեմ առարկող յուրաքանչյուր պարտատիրոջ, եթե նույնիսկ պարտատերերի ժողովում նա քվեարկել է հօգուտ դրա ընդունման:
Պարտատերը կարող է գանգատարկել հաշտության գործարքը, եթե նա գտնում է, որ դրա կնքման ժամանակ խախտվել են օրենսդրության պահանջները կամ իր իրավունքներն ու օրինական շահերը:
4. Որպես հաշտության գործարք կնքելու արդյունք պարտատերերը պետք է ստանան փոխհատուցում ոչ պակաս, քան պարտքի գումարի 35 տոկոսի չափով:
Հաշտության գործարքի կնքման արդյունքում պարտքերի վճարումների ժամկետը ավելի քան մեկ տարով հետաձգելու դեպքում պարտքերը պետք է մարվեն ոչ պակաս, քան 40 տոկոսի չափով, իսկ եթե հետաձգման ժամկետն անցնում է 18 ամսից, ապա պարտատերերի պահանջների փոխհատուցման գումարը պետք է գերազանցի պարտքերի գումարի 50 տոկոսը:
5. Հաշտության գործարքը դատարանում հաստատվելու օրվանից, սնանկացման վերաբերյալ գործի վարույթը համարվում է ավարտված:
6. Հաշտության գործարքի կնքման մասին որոշումը դատարանը հրապարակում է մամուլում: