Հոդված 9
Հոդված 9
Վկա կամ փորձագետ հրավիրելը
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում իրականացվող նախաքննությանը կամ նրա տարածքում վարվող դատաքննությանը Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող վկայի կամ փորձագետի ներկայությունը պարտադիր է, ապա հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի միջոցով պետք է վկային կամ փորձագետին հրավեր ուղարկի:
2. Հրավիրված անձի չներկայանալու դեպքում հրավերը չպետք է պարունակի հարկադրանքի միջոցներ կիրառելու հնարավորություն:
3 Վկան կամ փորձագետը կարող են հրաժարվել վկայություն կամ փորձագիտական խորհրդատվություն տալուց այն դեպքերում, եթե Պայմանավորվող կողմերից մեկի օրենքները ճանաչում են այդ իրավունքը կամ պարտավորեցնում են նրան այդպես գործել:
4. Վկան կամ փորձագետը վկայություն կամ փորձագիտական խորհրդատվություն տալու համար իր ներկայությունն անհրաժեշտ լինելու ժամանակահատվածում պետք է պաշտպանված լինի հետապնդումից, կալանավորումից, դատից և պատժից` կապված ցանկացած արարքի կամ հարցի հետ, որը կապված է դատավարության հետ, որին նա հրավիրվել է` վկայություն կամ փորձագիտական խորհրդատվություն տալու համար:
5. Եթե վկային կամ փորձագետին հրավիրող իրավասու մարմինը նրան տեղեկացնում է, որ իր ներկայությունը այլևս պարտադիր չէ, բայց վկան կամ փորձագետը չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից այդ ծանուցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, ապա նա վերը նշված անձեռնմխելիությունը չի ունենում: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում վկան կամ փորձագետը իրենից անկախ պատճառներով չի կարող ազատորեն հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից, չի հաշվվում սույն կետում նշված ժամկետի մեջ:
6. Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վկաները և փորձագետները իրավունք ունեն հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից ստանալ այդ Պայմանավորվող կողմի տարածքում երթևեկության և կեցության ծախսերը, նաև` իրենց աշխատավարձերը, որոնցից նրանք զրկվել են ներկայանալու պատճառով: Փորձագիտական եզրակացություն տալու համար վարձատրությունը նույնպես պետք է վճարի հայցող Պայմանավորվող կողմը: Փորձագիտական խորհրդատվություն տալու համար փոխհատուցումը պետք է կրի հայցող Պայմանավորվող կողմը: Սույն կետով նախատեսված ծախսերի վճարման պարտականությունը պետք է ներառվի հրավերի մեջ: Կանխավճար պահանջվելու դեպքում այն կվճարվի երթևեկության և կեցության ծախսերի չափով:
7. Վերը նշված դրույթները չեն խոչընդոտի տեսաձայնային տեխնիկական սարքավորումների միջոցով վկայի ցուցմունքներ կամ փորձագետի խորհրդատվություն ստանալուն. դրանց համապատասխան ծախսերը կկրի հայցող Պայմանավորվող կողմը, եթե Պայմանավորվող կողմերն այլ համաձայնության չգան:
8. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը կիրառվում են նաև տուժողի, հայցվորի, մեղադրյալի և նրանց ներկայացուցիչների նկատմամբ: