Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է՝ առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, շուկա մտցնել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել (տիրապետել) այդ արտադրանքը.

2) եթե արտոնագրի առարկան եղանակ է՝ առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը կամ առաջարկել այդպիսի օգտագործում, երբ երրորդ անձը գիտի թույլտվության անհրաժեշտության մասին կամ դրա հանգամանքներն ակնհայտ են, ինչպես նաև շուկա մտցնել, առաջարկել վաճառքի կամ վաճառել այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքը, օգտագործել, ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել (տիրապետել) այդ արտադրանքը։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է վերարտադրման կամ բազմացման եղանակով այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած կենսաբանական նյութի վրա։

1.2. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի ստացման եղանակի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է անմիջականորեն այդ եղանակով ստացված կենսաբանական նյութի վրա և վերարտադրման կամ բազմացման եղանակով անմիջականորեն այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող և միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած այլ կենսաբանական նյութի վրա։

1.3. Գենետիկական տեղեկատվություն պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է ցանկացած նյութի վրա, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշվածի, որի մեջ այդ արտադրանքը ներառված է, և որը պարունակում է այդ գենետիկական տեղեկատվությունը և կատարում է դրա ֆունկցիան։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Արտոնագիրը դրա տիրոջն իրավունք է տալիս նաև արգելելու երրորդ անձանց` առանց իր համաձայնության այլ անձի փոխանցել կամ ոչ իրավասու անձանց առաջարկել գյուտի համար կարևոր տարրերը գյուտն օգտագործելու նպատակով այն դեպքում, երբ երրորդ անձը գիտի կամ հանգամանքների բերումով ակնհայտ է դառնում, որ այդ տարրերը հնարավորություն են տալիս գյուտն օգտագործել և օգտագործվում են այդ նպատակով։ Այս դրույթը չի կիրառվում, երբ նշված տարրերը շուկայում առկա սովորական արտադրանք են, քանի դեռ երրորդ կողմը շահագրգիռ անձին չի դրդել կատարելու սույն հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունները։».

4) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձվել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնությունները։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։