Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Գյուտի արտոնագրաունակության պայմանները
1. Սույն օրենքի իմաստով որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին), օգտագործմանը կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին)։ Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ), եթե նույնիսկ դա վերաբերում է կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքին կամ եղանակին, որի միջոցով արտադրվում, ստացվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ։
2. Կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ։
3. Սույն օրենքի իմաստով «կենսաբանական նյութը» գենետիկական տեղեկատվություն պարունակող և ինքնուրույն կամ կենսաբանական համակարգում վերարտադրվող ցանկացած նյութ է, իսկ «միկրոկենսաբանական եղանակը» ցանկացած եղանակ է, որը ներառում է միկրոկենսաբանական նյութ կամ իրականացվում է դրա նկատմամբ, կամ որի արդյունքում ստացվում է միկրոկենսաբանական նյութ։ Բույսերի կամ կենդանիների ստացման ցանկացած եղանակ ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ կատարվում է բնական եղանակով, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան։»: