Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) բժշկական (այդ թվում՝ ֆիտոսանիտարական) արտադրանքի փորձարկման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների, տեստերի և փորձերի կատարման համար՝ արտոնագրի ժամկետն ավարտվելուն նախորդող երկու տարվա ընթացքում։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.
«2. Սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում վերարտադրման կամ բազմացման միջոցով ստացված կենսաբանական նյութի վրա, որն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում, երբ վերարտադրումը կամ բազմացումը անհրաժեշտաբար բխում է այն կիրառությունից, որի համար կենսաբանական նյութը շուկա է հանվել, պայմանով, որ ստացված նյութը հետագայում չի օգտագործվի այլ վերարտադրման կամ բազմացման համար։
3. Որպես սույն օրենքի 16-րդ հոդվածի բացառություն, գյուղատնտեսական օգտագործման նպատակով բույսի վերարտադրման նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձևով դրա առևտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ իրավունք է տալիս ֆերմերին իր բերքի արդյունքն իր հողամասում օգտագործելու վերարտադրման կամ բազմացման նպատակով:
4. Որպես սույն օրենքի 16-րդ հոդվածի բացառություն, բազմացող ընտանի կամ այլ կենդանիների վերարտադրության նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձևով դրա առևտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ իրավունք է տալիս ֆերմերին այդ նյութով վերարտադրված կենդանին օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով։ Սա ներառում է կենդանուց կամ դրա բազմացումից ստացված արգասիքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հնարավորություն` բացառությամբ առևտրային շրջանակներում կամ այդ նպատակներով բազմացման գործունեության։»։