Հոդված 31
Հոդված 31.
Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 51. Հայտի փորձաքննությունը
1. Հայտի փորձաքննությունը պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո` եռամսյա ժամկետում, որի ընթացքում ստուգվում է հայտի փաստաթղթերի կամ լրացուցիչ նյութերի բովանդակության և ձևի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին։
2. Պետական լիազոր մարմինն ստուգում է նաև գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված պահանջներին և վճարված պետական տուրքերի համապատասխանությունը օրենքով սահմանված չափերին, ներառյալ` սույն օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ և 10-րդ մասերի համաձայն` տարեկան պետական տուրքերը։
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը։
4. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է եռամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում։
5. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված եռամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը։ Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ այն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ։
6. Հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից։
7. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում։ Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է դա ձևակերպել որպես առանձին հայտ։
8. Սահմանված ժամկետում հարցման մեջ նշված բոլոր թերությունները հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ սույն օրենքի 73-րդ և 74-րդ հոդվածներում նշված դեպքերի։
9. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա նա գործավարությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով։»։