Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Իրավական պահպանությունից բացառությունները
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի իմաստով ստորև նշված առարկաներն իրավական պահպանության ենթակա չեն, եթե որպես այդպիսիք դրանք հայտի կամ արտոնագրի անմիջական առարկա են՝
1) գիտական հայտնագործությունները.
2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.
3) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.
4) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.
5) մտավոր գործողությունների կատարման եղանակները.
6) համակարգիչների ալգորիթմները և ծրագրերը.
7) կառույցների, շենքերի, տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.
8) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
9) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները։
2. Իրավական պահպանության ենթակա չեն այն գյուտերը, որոնց առևտրային օգտագործման արգելումը Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ է հասարակական կարգի կամ բարոյականության սկզբունքների պահպանման նպատակով (ներառյալ՝ մարդկանց, կենդանիների կյանքի և առողջության կամ բույսերի պահպանությունը) կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու համար, եթե այդպիսի բացառումը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ դրանց օգտագործումն արգելված է օրենքով։
3. Իրավական պահպանության ենթակա չեն նաև մարդու կամ կենդանու օրգանիզմի ախտորոշման և բուժման մեթոդները։ Սույն դրույթը չի կիրառվում այդ մեթոդների համար օգտագործվող արտադրանքի, մասնավորապես՝ նյութերի կամ բաղադրանյութերի նկատմամբ։
4. Սույն օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում՝
1) բույսերի սորտերը և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման ըստ էության կենսաբանական եղանակները, բացառությամբ միկրոկենսաբանական եղանակների կամ դրանցով ստացված արտադրանքի։ Սույն կետի իմաստով բույսերի կամ կենդանիների ստացման եղանակն ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ բաղկացած է բնական երևույթից, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան։ Բույսերին կամ կենդանիներին վերաբերող գյուտերն արտոնագրաունակ են, եթե գյուտի տեխնիկական կիրառելիությունը չի սահմանափակվում կոնկրետ սորտի բույսով կամ կենդանիով։ Սույն կետի դրույթները չեն տարածվում միկրոկենսաբանական կամ այլ եղանակների կամ այդպիսի եղանակներով ստացված արտադրանքի արտոնագրաունակության վրա.
2) մարդու կլոնավորման եղանակները.
3) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
4) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.
5) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, որոնք կարող են դրանց տառապանքի ենթարկել առանց մարդու կամ կենդանիների համար էական բուժական օգուտ տալու, ինչպես նաև այդպիսի եղանակով ստացված կենդանիները.
6) մարդու օրգանիզմն իր ձևավորման և զարգացման տարբեր փուլերում, ինչպես նաև դրա տարրերից որևէ մեկի պարզ բացահայտումը, ներառյալ` որևէ գենային հաջորդականությունը կամ մասնակի հաջորդականությունը։ Սույն կետը չի տարածվում մարդու օրգանիզմից առանձնացված տարրի կամ տեխնիկական եղանակներով այլ կերպ ստացված տարրի, ներառյալ` գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության նկատմամբ, որոնք կարող են արտոնագրաունակ գյուտ լինել, եթե նույնիսկ այդ տարրի կառուցվածքը նույնական է բնական տարրի կառուցվածքի հետ։ Այս դեպքում գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության արդյունաբերական կիրառությունը պետք է բացահայտվի գյուտի հայտում։»։