Հոդված 33
Հոդված 33
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կառավարություն կարող է սույն Կոնվենցիայում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություն անել: Նշված առաջարկության տեքստը և դրա հիմնավորումն ուղարկվում են Գլխավոր քարտուղարին, որը, հնարավորինս արագ, դրանք փոխանցում է մյուս Պայմանավորվող կառավարություններին:
2. Լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է Գլխավոր վեհաժողովի հերթական կամ արտահերթ նիստի օրակարգում, որը հրավիրվում է Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկի փոխանցման ամսաթվից առնվազն երեք ամիս հետո:
3. Նախորդ կետի և 28-րդ հոդվածի դրույթների համաձայն Գլխավոր քարտուղարի կողմից ընդունված լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ներկայացվում է սույն Կոնվենցիայի բոլոր Պայմանավորվող կառավարություններին հաստատման համար: Այն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի համար այն օրվանից, երբ նրանց 4/5-ը Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը ծանուցում է իր համաձայնության մասին, բացառությամբ, սույն կետի, 16-րդ հոդվածի կամ այդ հոդվածում նշված Հավելվածի փոփոխությունների առաջարկությունների, որոնք ուժի մեջ չեն մտնի, մինչև բոլոր Կողմերը իրենց համաձայնության մասին չծանուցեն Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը:
4. Յուրաքանչյուր կառավարություն, որը ցանկանում է վերապահում անել լրացումներին և փոփոխություններին իր համաձայնությանը, Գրասենյակին տեղեկացնում է այդ առաջարկված վերապահման դրույթների մասին: Գլխավոր վեհաժողովը որոշում է կայացնում այդ վերապահման` ընդունելի լինելու վերաբերյալ: Գլխավոր վեհաժողովը թույլատրում է այն վերապահումները, որոնք նպաստում են միջազգային ցուցահանդեսների ձեռքբերումների պաշտպանությանը, և մերժում է այն վերապահումները, որոնք ստեղծում են արտոնյալ վիճակ: Եթե վերապահումն ընդունվում է, այն Կողմը, որը ներկայացրել է այն, ընդգրկվում է վերոհիշյալ 4/5-րդ մեծամասնության կազմում, որոնք ընդունել են լրացումներն ու փոփոխությունները: Եթե այն մերժվում է, այն կառա-վարությունը, որը վերապահում է ներկայացրել, կատարում է ընտրություն լրացումները և փոփոխությունները մերժելու և դրանք առանց վերապահման ընդունելու միջև:
5. Երբ, համաձայն սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված պայմաններով, լրացումներն ու փոփոխությունները մտնում են ուժի մեջ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը հրաժարվել է դրանք ընդունել, նպատակահարմարության դեպքում, օգտվում է սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի դրույթներից: