Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում՝
ա) «Սլովենիա» տերմինը նշանակում է՝ Սլովենիայի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` Սլովենիայի տարածքը, ինչպես նաև ջրային տարածքները, որոնց նկատմամբ Սլովենիայի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը` ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքային, ջրային տարածքը, ընդերքը և օդային տարածքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքներն ու իրավազորությունը` ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան.
գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, համատեքստից կախված, նշանակում են` Սլովենիա կամ Հայաստան.
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում.
ե) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները համապատասխանաբար նշանակում են` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով, օդանավով կամ ավտոճանապարհային տրանսպորտային միջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը, օդանավը կամ ավտոճանապարհային տրանսպորտային միջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.
ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Սլովենիայի դեպքում՝ Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կամ դրա լիազորված ներկայացուցիչը.
ii) Հայաստանի դեպքում` Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն կամ դրանց լիազորված ներկայացուցիչները.
թ) «քաղաքացի» տերմինը, Պայմանավորվող պետությունների մասով, նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր, որպես այդպիսին, կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ասոցիացիա.
ժ) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացում:
2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելուն, ապա Կոնվենցիայում չսահմանված ցանկացած տերմին, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին տվյալ պետության օրենսդրության համաձայն այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան, ընդ որում` այդ պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ պետության այլ օրենքներով` այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: