Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏԸ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով` «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որն այդ պետության օրենքների համաձայն ենթակա է հարկման այդ պետությունում իր մշտական բնակության, գտնվելու վայրի, ստեղծման (գրանցման) վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափորոշիչի հիման վրա, ինչպես նաև ներառում է այդ պետությունը և նրա իշխանության տեղական մարմինը: Սակայն, այդ տերմինը չի ներառում որևէ անձ, որն այդ պետությունում ենթակա է հարկման միայն այդ պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:
2. Եթե 1-ին պարբերության դրույթների հիման վրա անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ`
ա) նա համարվում է այն պետության ռեզիդենտ, որտեղ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, իսկ եթե նա երկու պետություններում էլ իր տրամադրության տակ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն պետության ռեզիդենտ, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա պետություններից ոչ մեկում չունի իր տրամադրության տակ մշտական կացարան, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտ, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու պետություններում էլ կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է.
դ) եթե նա երկու պետությունների քաղաքացի է կամ դրանցից ոչ մեկի քաղաքացի չէ, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Եթե 1-ին պարբերության դրույթների հիման վրա ֆիզիկական անձից տարբերվող անձը երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: