Հոդված 7
Հոդված 7
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Պահպանելով 3-րդ պարբերության դրույթները՝ եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության ձեռնարկատիրական գործունեության նպատակներով կատարված ծախսերը (բացառությամբ այն ծախսերի, որոնք չէին նվազեցվի, եթե այդ մշտական հաստատությունը Պայմանավորվող պետության առանձին ձեռնարկություն լիներ), այդ թվում՝ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` դրանք կատարված են այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլուր:
4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ պարբերությունում ոչինչ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը` որոշելու հարկման ենթակա շահույթը այդպիսի բաշխման ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:
5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:
6. Նախորդ պարբերությունների նպատակներով` մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է տարեցտարի միևնույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:
7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: