Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի`
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերն ընկերություն է (ընկերակցությունից բացի), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը.
բ) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
Սույն պարբերությունը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում գործածվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից եկամուտը՝ այն պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտն է բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, ապա այդ մյուս պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները, բացառությամբ երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: