Հոդված 11
Հոդված 11
ՏՈԿՈՍՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն, այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են՝ այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Անկախ 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներից, Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսներն ազատվում են հարկից այդ պետությունում, եթե.
ա) տոկոսը վճարողը Պայմանավորվող պետության կառավարությունն է, կամ դրա քաղաքական ստորաբաժանումը, կամ իշխանության տեղական մարմինը, կամ կենտրոնական բանկը.
բ) տոկոսը վճարվում է մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը, կամ դրա քաղաքական ստորաբաժանմանը, կամ իշխանության տեղական մարմնին, կամ կենտրոնական բանկին.
գ) տոկոսը վճարվում է այն փոխառության մասով, որը կատարվել, հաստատվել, երաշխավորվել կամ ապահովվել է մյուս Պայմանավորվող պետության հաստատության կողմից՝ այդ պետության հաշվին՝ լիազորված լինելով ապահովագրության և միջազգային բիզնես գործարքների ֆինանսավորման մասին ներպետական օրենսդրությանը համապատասխան։
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերից, պարտատոմսերից և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներից ու մրցանակներից: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում:
5. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Եթե, այնուամենայնիվ, տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը և որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, պարտապահանջին վերաբերող` վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: