Հոդված 25
Հոդված 25
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, անկախ այդ պետությունների ներպետական իրավունքով նախատեսված պաշտպանության միջոցներից, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին պարբերությանը` այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից հետո երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական իրավունքում առկա որևէ ժամանակային սահմանափակման:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ խնդիր ձգտում են լուծել փոխադարձ համաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ:
4. Նախորդ պարբերությունների առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով` Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ, ներառյալ՝ իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից բաղկացած համատեղ հանձնաժողովի միջոցով: