Հոդված 17
Հոդված 17
Տվյալների պաշտպանությունը
Անձնական տվյալները հաղորդվում են միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի կամ անդամ պետության իրավասու մարմինների կողմից, ըստ դեպքի, սույն Համաձայնագրի կիրարկման համար: Անձնական տվյալների մշակումը և դրանց հետ աշխատանքը, կոնկրետ դեպքում, կարգավորվում է Հայաստանի ներպետական օրենքներով, իսկ այն դեպքերում, երբ վերահսկողը անդամ պետության իրավասու մարմինն է՝ 95/46/ԵՀ հրահանգով և այդ հրահանգի համաձայն ընդունված՝ անդամ պետության օրենսդրությամբ։ Բացի դրանից՝ կիրառվում են նաև հետևյալ սկզբունքները՝
ա) անձնական տվյալները պետք է մշակվեն անաչառ և օրինական.
բ) անձնական տվյալները պետք է հավաքվեն սույն Համաձայնագրի սահմանված, հստակ և օրինական կիրարկման նպատակով, և դրանք հետագայում չպետք է մշակվեն դրա նպատակին անհամատեղելի եղանակով ոչ փոխանցող մարմնի, ոչ էլ ստացող մարմնի կողմից.
գ) անձնական տվյալները պետք է իրենց բովանդակությամբ և ճշտության ու մանրամասնության աստիճանով համապատասխանեն այն նպատակին, որի համար դրանք հավաքվում և (կամ) հետագայում մշակվում են. մասնավորապես, հաղորդվող անձնական տվյալները կարող են վերաբերել հետևյալին.
‑փոխադրվող անձի մասին տվյալներ (անունները, ազգանունները, նախկին անունները, որևէ այլ անուն, որով վերջինս հայտնի է, կամ կեղծանունները, սեռը, ընտանեկան կարգավիճակը, ծննդյան տարեթիվը և վայրը, ներկայիս, ինչպես նաև նախկինում ունեցած քաղաքացիությունը),
‑անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական իրավունք (համարը, վավերականության ժամկետը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրվել և տրման վայրը),
‑տարանցման կանգառներ և երթուղին,
‑այլ տեղեկություն, որն անհրաժեշտ է փոխադրվող անձի նույնականացման կամ սույն Համաձայնագրի համաձայն հետընդունման պահանջները ստուգելու համար.
դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և, անհրաժեշտության դեպքում, թարմ.
ե) անձնական տվյալները պետք է պահպանվեն այնպիսի եղանակով, որ թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին՝ ոչ ավելի ժամկետով, որն անհրաժեշտ է դրանք հավաքելու կամ հետագայում մշակելու նպատակներով.
զ) թե փոխանցող, և թե ստացող իրավասու մարմինները ձեռնարկում են ցանկացած ողջամիտ քայլ` անձնական տվյալները ճշտելու, ջնջելու կամ արգելափակելու համար, եթե մշակումը չի համապատասխանում այս հոդվածի դրույթներին՝ մասնավորապես, եթե այդ տվյալները բովանդակությամբ և ճշտության ու մանրամասնության աստիճանով չեն համապատասխանում մշակման նպատակին: Դա ներառում է ճշտելու, ջնջելու կամ արգելափակելու վերաբերյալ մյուս Կողմին ուղղված ցանկացած ծանուցում.
է) դիմումի հիման վրա՝ ստացող մարմինը փոխանցող մարմնին տեղեկացնում է հաղորդվող տվյալների օգտագործման, ինչպես նաև դրանցից ստացված արդյունքների մասին.
ը) անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն իրավասու մարմիններին: Հետագայում այլ մարմիններին այդ տվյալների տրամադրման համար պահանջվում է փոխանցող կողմի նախնական համաձայնությունը.
թ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են ներկայացնել գրավոր արձանագրություն անձնական տվյալների փոխանցման և ստացման մասին: