Հոդված 54
Հոդված 54
Հավատարմագրումը
1. Միության շրջանակներում հավատարմագրումն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝
1) հավատարմագրման ոլորտում առկա կանոնների ու մոտեցումների ներդաշնակեցում միջազգային ստանդարտներին,
2) հավատարմագրման կամավորության, հավատարմագրման ընթացակարգերի, կանոնների և արդյունքների մասին տեղեկությունների թափանցիկության ու հասանելիության ապահովում,
3) անդամ պետությունների հավատարմագրման մարմինների օբյեկտիվության, անաչառության և արհեստավարժության ապահովում,
4) հավատարմագրման համար դիմողների համար հավատարմագրման և հավատարմագրման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիության ապահովման մասով հավասար պայմանների ապահովում,
5) անդամ պետության մի մարմնի կողմից՝ հավատարմագրման լիազորությունները պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետությունների հավատարմագրված՝ համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման,
6) անդամ պետության մեկ մարմնի կողմից՝ հավատարմագրման և համապատասխանության գնահատման լիազորությունները համատեղելու անթույլատրելիություն։
2. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումն իրականացնում են անդամ պետությունների հավատարմագրման մարմինները, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են իրականացնելու այդ գործունեությունը։
3. Որևէ անդամ պետության հավատարմագրման մարմին չպետք է մրցակցի մյուս անդամ պետությունների հավատարմագրման մարմինների հետ։
Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների մրցակցությունը թույլ չտալու համար անդամ պետության համապատասխանության գնահատման մարմինը հավատարմագրման նպատակով դիմում է այն անդամ պետության հավատարմագրման մարմին, որի տարածքում այն գրանցված է որպես իրավաբանական անձ։
Եթե որևէ անդամ պետության հավատարմագրման մարմին հավատարմագրման նպատակով դիմում է մյուս անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված համապատասխանության գնահատման մարմին, ապա այդ հավատարմագրման մարմինը դրա մասին տեղեկացնում է այն անդամ պետության հավատարմագրման մարմնին, որի տարածքում գրանցված է համապատասխանության գնահատման մարմինը։ Նշված դեպքում անդամ պետությունների հավատարմագրման մարմինները կարող են հավատարմագրում իրականացնել, եթե այն անդամ պետության հավատարմագրման մարմինը, որի տարածքում գրանցված է համապատասխանության գնահատման տվյալ մարմինը, հավատարմագրում չի իրականացնում պահանջվող ոլորտում։ Ընդ որում, այն անդամ պետության հավատարմագրման մարմինը, որի տարածքում գրանցված է համապատասխանության գնահատման մարմինը, իրավունք ունի հանդես գալու որպես դիտորդ։
4. Անդամ պետությունների հավատարմագրման մարմիններն իրականացնում են փոխադարձ համեմատական գնահատումներ՝ նույնանման ընթացակարգեր սահմանելու նպատակով։
Անդամ պետությունների համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքների ճանաչումն իրականացվում է սույն Պայմանագրի 11-րդ հավելվածի համաձայն։