Անցնել բովանդակությանը

Հոդված 68

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 68

Վարչական համագործակցությունը

1. Անդամ պետությունները սույն բաժնով կարգավորող հարցերի վերաբերյալ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով միմյանց աջակցություն են ցուցաբերում։

Համագործակցության արդյունավետությունը, այդ թվում՝ տեղեկությունների փոխանակումն ապահովելու նպատակով անդամ պետությունների իրավասու մարմինները համաձայնագրեր են կնքում։

2. Վարչական համագործակցությունը ներառում է՝

1) անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկությունների օպերատիվ փոխանակումը, ընդհանուր առմամբ, թե՛ ըստ ծառայությունների ոլորտների և թե՛ ըստ շուկայի կոնկրետ մասնակիցների,

2) ծառայություններ մատուցողների կողմից սպառողների, շուկայի բարեխիղճ սուբյեկտների իրավունքների ու օրինական շահերի, ինչպես նաև հասարակական (պետական) շահերի խախտումների կանխարգելման մեխանիզմի ստեղծումը։

3. Անդամ պետությունների իրավասու մարմինները կնքված համաձայնագրերի շրջանակներում կարող են մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններից պահանջել իրենց իրավասության ոլորտին առնչվող և սույն բաժնով նախատեսված պահանջների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝

1) այդ մյուս անդամ պետությունների այն անձանց վերաբերյալ, որոնք առաջին անդամ պետության տարածքում հիմնադրում են իրականացնում կամ ծառայություններ են մատակարարում և, մասնավորապես, այն տվյալների վերաբերյալ, որոնցով հաստատվում են, որ այդպիսի անձինք իսկապես հիմնադրված են իրենց տարածքներում, և որ, ըստ իրավասու մարմինների տվյալների, տվյալ անձինք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն,

2) իրավասու մարմինների կողմից տրված թույլտվությունների և գործունեության այն տեսակների վերաբերյալ, որոնց իրականացման համար թույլտվություններ են տրվել,

3) վարչական միջոցների, քրեաիրավական պատժամիջոցների կամ անձին անվճարունակ (սնանկ) ճանաչելու մասին այն որոշումների վերաբերյալ, որոնք ընդունվել են իրավասու մարմինների կողմից այդ անձի առնչությամբ և անմիջականորեն առնչվում են նրա իրավասությանը կամ գործարար համբավին։ Որևէ անդամ պետության իրավասու մարմինները պետք է տրամադրեն մյուս անդամ պետության իրավասու մարմնի պահանջած համապատասխան տեղեկությունները, այդ թվում՝ առաջին անդամ պետության տարածքում հիմնադրում իրականացնող կամ ծառայություններ մատակարարող անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասին տեղեկությունները։

4. Անդամ պետությունների իրավասու (այդ թվում՝ գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող) մարմինները վարչական համագործակցություն են ծավալում հետևյալ նպատակներով՝

1) որևէ անդամ պետության ծառայություններ ստացողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծում մյուս անդամ պետության ծառայություններ մատակարարողի կողմից այդպիսի ծառայություններ մատակարարելու դեպքում,

2) ծառայություններ մատակարարողների և ստացողների կողմից հարկային և այլ պարտավորությունների կատարում,

3) անբարեխիղճ գործարար պրակտիկայի կանխում,

4) անդամ պետությունների ծառայությունների ծավալների մասին վիճակագրական տվյալների հավաստիության ապահովում։

5. Եթե անդամ պետությանը հայտնի է դարձել, որ ցանկացած ծառայություն մատակարարողի, հիմնադրում կամ գործունեություն իրականացնող անձի կամ ներդրողի գործողությունները կարող են վնաս հասցնել մարդկանց, կենդանիների, բույսերի առողջությանը կամ անվտանգությանը կամ շրջակա միջավայրին այդ անդամ պետության տարածքում կամ այլ անդամ պետությունների տարածքներում, ապա առաջին անդամ պետությունը սեղմ ժամկետներում դրա մասին տեղեկացնում է բոլոր անդամ պետություններին և Հանձնաժողովին։

6. Հանձնաժողովն աջակցում է Միության՝ սույն բաժնով կարգավորվող հարցերի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծմանը և մասնակցում է դրանց գործունեության ապահովմանը։

7. Անդամ պետությունները Հանձնաժողովին կարող են տեղեկացնել մյուս անդամ պետությունների կողմից սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքերի մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։