Անցնել բովանդակությանը

Հոդված 75

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 75

Մրցակցության ընդհանուր սկզբունքները

1. Անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը կիրառում են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ և հավասար չափով՝ անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձևից և գրանցման վայրից։

2. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են նաև արգելքներ՝

1) պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների կամ դրանց և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությունների առնչությամբ, եթե այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցությունն արգելելուն, սահմանափակելուն կամ վերացնելուն՝ բացառությամբ սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

2) պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումների տրամադրման առնչությամբ՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները։

3. Անդամ պետությունները արդյունավետ միջոցներ են ձեռնարկում սույն հոդվածի 2-րդ կետի առաջին ենթակետով նախատեսված գործողությունների (անգործության) կանխարգելման, հայտնաբերման և կանխման ուղղությամբ։

4. Անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան ապահովում են տնտեսական համակենտրոնացման նկատմամբ արդյունավետ հսկողություն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է յուրաքանչյուր անդամ պետության տարածքում մրցակցության պաշտպանության և զարգացման համար։

5. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է պետական իշխանության այնպիսի մարմնի առկայությունը, որն իրավասու է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման և (կամ) անցկացման համար, ինչն, ի թիվս այլոց, ենթադրում է այդպիսի մարմնին՝ հակամրցակցային գործունեության և անբարեխիղճ մրցակցության նկատմամբ արգելքը պահպանելու, տնտեսական համակենտրոնացման նկատմամբ վերահսկողական լիազորությունների վերապահում, ինչպես նաև մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտումները կանխարգելելու և հայտնաբերելու, նշված խախտումները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և այդպիսի խախտումների համար պատասխանատվության ենթարկելու լիազորությունների վերապահումը (այսուհետ՝ անդամ պետության լիազորված մարմին)։

6. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են տուգանային պատասխանատվության միջոց՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ու իշխանության մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ հակամրցակցային գործունեություն իրականացնելու համար՝ հիմք ընդունելով արդյունավետության, համաչափության, ապահովվածության, անխուսափելիության և որոշակիության սկզբունքները, և ապահովում են դրանց կիրառման նկատմամբ հսկողությունը։ Ընդ որում, անդամ պետություններն ընդունում են, որ տուգանային պատասխանատվության միջոցներ կիրառելու դեպքում առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցներ պետք է սահմանվեն մրցակցության համար ամենամեծ վտանգ ներկայացնող խախտումների համար (մրցակցությունը սահմանափակող համաձայնություններ, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահում), ընդ որում, նախապատվությունը տրվում է տուգանային պատասխանատվության այն միջոցներին, որոնք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով իրավախախտի կողմից այն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարից կամ իրավախախտի կողմից այն ապրանքը ձեռք բերելու համար ծախսերի գումարից, որի շուկայում կատարվել է իրավախախտումը։

7. Անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան ապահովում են իրենց կողմից իրականացվող մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության տեղեկատվական թափանցիկությունը, այդ թվում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության մասին տեղեկությունները զանգվածային լրատվամիջոցներում և ինտերնետ ցանցում տեղադրելու միջոցով։

8. Անդամ պետությունների լիազորված մարմիններն իրենց պետության օրենսդրությանը և սույն Պայմանագրին համապատասխան իրականացնում են փոխգործակցություն՝ ծանուցումներ, տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումներ ուղարկելու, խորհրդակցություններ անցկացնելու, մյուս անդամ պետության շահերին առնչվող ուսումնասիրությունների (գործերի քննության) մասին տեղեկացնելու, անդամ պետություններից մեկի լիազորված մարմնի պահանջի հիման վրա ուսումնասիրություններ (գործերի քննություն) անցկացնելու և դրա արդյունքների մասին տեղեկացնելու միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։