Անցնել բովանդակությանը

Հոդված 93

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 93

Արդյունաբերական սուբսիդիաները

1. Անդամ պետությունների տնտեսությունների կայուն և արդյունավետ զարգացման համար պայմաններ, ինչպես նաև անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի զարգացմանը և բարեխիղճ մրցակցությանը նպաստող պայմաններ ապահովելու նպատակներով անդամ պետությունների տարածքներում գործում են արդյունաբերական ապրանքների համար, այդ թվում՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի համաձայն՝ արդյունաբերական ապրանքների արտադրության, իրացման և սպառման հետ անմիջականորեն կապված ծառայությունների մատուցման կամ ստացման դեպքում սուբսիդիաների տրամադրման միասնական կանոններ:

2. Սույն հոդվածից և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածից բխող՝ անդամ պետությունների պարտավորությունները չեն տարածվում անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ իրավահարաբերությունների վրա:

3. Սույն հոդվածի նպատակներով՝ սուբսիդիա ասելով ենթադրվում է՝

ա) անդամ պետության սուբսիդիա տրամադրող մարմնի (կամ անդամ պետության կողմից լիազորված կառույցի) կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի արդյունքում առավելություններ են ստեղծվում (ապահովվում), և որն իրականացվում է՝

դրամական միջոցների ուղղակի փոխանցման (օրինակ՝ անվերադարձ տրամադրվող փոխատվությունների, վարկերի) կամ կանոնադրական կապիտալում մասնաբաժին ձեռք բերելու կամ այն մեծացնելու կամ այդպիսի միջոցներ փոխանցելու պարտավորության (օրինակ՝ վարկային երաշխիքների) միջոցով,

այն վճարների գանձումից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու միջոցով, որոնք պետք է մուտքագրվեին անդամ պետության եկամուտների կազմի մեջ (օրինակ՝ հարկային արտոնություններ, պարտքի դուրսգրում)։ Ընդ որում, արտահանվող արդյունաբերական ապրանքն այն տուրքերից և հարկերից ազատելը, որոնք գանձվում են ներքին սպառման համար նախատեսված նույնանման ապրանքի համար, կամ այդպիսի տուրքերը և հարկերը նվազեցնելը, կամ այդպիսի տուրքերը և հարկերը փաստացի հաշվեգրված գումարը չգերազանցող չափով վերադարձնելը չի դիտարկվում որպես սուբսիդիա,

ապրանքների կամ ծառայությունների տրամադրման միջոցով (բացառությամբ ընդհանուր ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար նախատեսված ապրանքների կամ ծառայությունների),

արդյունաբերական ապրանքներ ձեռք բերելու միջոցով.

բ) եկամուտների կամ գների պահպանման ցանկացած այլ ձև, որն (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) ազդում է ցանկացած անդամ պետության տարածքից արդյունաբերական ապրանքի ներմուծման ծավալների կրճատման կամ ցանկացած անդամ պետության տարածք արդյունաբերական ապրանքի արտահանման ծավալների մեծացման վրա, որի արդյունքում առավելություն է տրամադրվում։

Սուբսիդիաների տեսակները նախատեսվում են սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով։

4. Սուբսիդիա տրամադրող մարմինը ցանկացած այլ կազմակերպության կարող է հանձնարարել կամ պատվիրակել իրեն վերապահված մեկ կամ մի քանի՝ սուբսիդիաների տրամադրման հետ կապված գործառույթների իրականացումը։ Այդպիսի կազմակերպության գործողությունները դիտարկվում են որպես սուբսիդիա տրամադրող մարմնի գործողություններ։

Անդամ պետության ղեկավարի՝ սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ ակտերը դիտարկվում են որպես սուբսիդիա տրամադրող մարմնի գործողություններ:

5. Անդամ պետության տարածքում տրամադրվող սուբսիդիաների՝ սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների հետ համապատասխանության վերլուծության նպատակով ուսումնասիրությունն իրականացվում է սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով նախատեսված կարգով:

6. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների կատարման նկատմամբ հսկողությունը, և դրան վերապահվում են հետևյալ լիազորությունները՝

1) անդամ պետությունների օրենսդրության՝ սուբսիդիաների տրամադրման առնչությամբ սույն Պայմանագրի դրույթներին համապատասխանության մասով դիտանցման իրականացում և համեմատական-իրավական վերլուծության անցկացում, ինչպես նաև անդամ պետությունների կողմից սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների պահպանման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների կազմում.

2) սուբսիդիաների տրամադրման բնագավառում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման հարցերի շուրջ անդամ պետությունների համար խորհրդակցությունների կազմակերպման գործընթացում աջակցության տրամադրում.

3) անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով նախատեսված որոշումների ընդունում՝ տրամադրման համար նախատեսվող և տրամադրված հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման գործընթացի արդյունքների համաձայն, այդ թվում՝

հատուկ սուբսիդիաների թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ որոշման ընդունում՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 6-րդ կետին համապատասխան սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանված չափորոշիչների հիման վրա,

քննության անցկացում հատուկ սուբսիդիաների տրամադրման փաստերի հիման վրա և դրանց վերաբերյալ պարտադիր որոշումների ընդունում՝ սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում,

սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների կատարման հետ կապված հարցերի շուրջ տարաձայնությունների լուծում և դրանց կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրում.

4) սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանվող կարգով ու պայմաններով տրամադրվող սուբսիդիաների վերաբերյալ հարցումների ուղարկում և տեղեկությունների ստացում։

Սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված անցումային դրույթները։

7. Սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով: Եթե վեճը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չի կարգավորվում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճն սկսած անդամ պետության կողմից պատասխանող պետությանը հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի այդ վեճը հանձնելու Միության դատարանի քննությանը:

Եթե Միության դատարանի որոշումները սահմանված ժամկետում չեն կատարվում, կամ եթե Միության դատարանը որոշում է, որ այն միջոցները, որոնց մասին տեղեկացրել է պատասխանող պետությունը, չեն համապատասխանում սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթներին, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի ձեռնարկելու համաչափ պատասխան միջոցներ:

8. Այն ժամկետը, որի ընթացքում անդամ պետությունները կարող են վիճարկել սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի խախտմամբ տրամադրված հատուկ սուբսիդիան, հատուկ սուբսիդիայի տրամադրման ամսաթվից հաշվարկված 5 տարի է:

Բաժին XXV

ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։