Հոդված 108
Հոդված 108
Միությանն անդամակցելը
1. Միությանը կարող է անդամակցել Միության նպատակները և սկզբունքները կիսող ցանկացած պետություն՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցված պայմաններով։
2. Միությանն անդամակցելու համար թեկնածու պետության կարգավիճակ ստանալու համար շահագրգիռ պետությունը Բարձրագույն խորհրդի նախագահի անունով համապատասխան դիմում է ուղարկում։
3. Միությանն անդամակցելու համար պետությանը թեկնածու պետության կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից՝ ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։
4. Բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա ձևավորվում է թեկնածու պետության, անդամ պետությունների և Միության մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ Միության իրավունքից բխող պարտավորություններն ստանձնելու մասով թեկնածու պետության պատրաստվածության աստիճանն ուսումնասիրելու, թեկնածու պետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը, ինչպես նաև համապատասխան պետության՝ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրի նախագիծը մշակելու համար, որով սահմանվում են թեկնածու պետության իրավունքների ու պարտականությունների ծավալը, այդ թվում՝ Միության մարմինների աշխատանքում դրա մասնակցության ձևաչափը։
5. Թեկնածու պետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագիրը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից։
6. Աշխատանքային խումբը կանոնավոր կերպով Բարձրագույն խորհրդի քննարկմանն է ներկայացնում հաշվետվություն՝ թեկնածու պետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների ծրագրի՝ թեկնածու պետության կողմից իրականացման ընթացքի մասին։ Աշխատանքային խմբի այն եզրակացության հիման վրա, համաձայն որի թեկնածու պետությունն ամբողջությամբ կատարել է Միության իրավունքից բխող պարտավորությունները, Բարձրագույն խորհուրդն ընդունում է Միությանն անդամակցելու մասին թեկնածու պետության հետ միջազգային պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում։ Նշված միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման։