Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 20. Քաղաքական դրդապատճառների բացառման վերաբերյալ հոդվածը չկիրառելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20. Քաղաքական դրդապատճառների բացառման վերաբերյալ հոդվածը չկիրառելը

1. Սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործություններից ոչ մեկը չպետք է հանձնման կամ փոխադարձ օգնության նպատակներով դիտվի որպես քաղաքական հանցագործություն, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն կամ քաղաքական դրդապատճառներից առաջացած հանցագործություն: Հետևաբար, նմանատիպ հանցագործության վրա հիմնված` հանձնման կամ փոխադարձ աջակցության վերաբերյալ խնդրանքը չի կարող մերժվել միայն այն պատճառով, որ այն վերաբերում է քաղաքական հանցագործությանը կամ քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործությանը կամ քաղաքական դրդապատճառներից առաջացած հանցագործությանը:

2. Չխախտելով 1969թ. մայիսի 23-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 19-20-րդ հոդվածների կիրառելիությունը սույն Կոնվենցիայի այլ հոդվածների նկատմամբ` յուրաքանչյուր Պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման, ինչպես նաև վավերացման, ընդունման, հաստատման կամ սույն Կոնվենցիային միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում չկիրառելու սույն հոդվածի 1-ին կետը, եթե այն վերաբերում է սույն Կոնվենցիայում նշված հանցագործության համար հանձնմանը: Կողմը պարտավորվում է կիրառել սույն վերապահումը առանձին դեպքերի քննության միջոցով` ընդունելով պատշաճ հիմնավորմամբ որոշում:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջովին կամ մասամբ հետ վերցնել 2-րդ կետի համաձայն արած իր վերապահումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկվող հայտարարագրի միջոցով, որը համարվում է ուժի մեջ մտած ստացման օրվանից:

4. Կողմը, որը վերապահում է արել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, չի կարող ցանկացած այլ Կողմից պահանջել սույն հոդվածի 1-ին կետի կիրառումը: Այնուամենայնիվ, նա կարող է, եթե իր վերապահումը մասնակի է կամ պայմանական, պահանջել սույն հոդվածի կիրառումը այն չափով, որքանով ինքը` Կողմը, ընդունել է այն:

5. Վերապահումը պետք է շահագրգիռ Կողմի նկատմամբ ուժի մեջ մնա սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, նման վերապահումը կարող է երկարացվել նույն ժամկետով:

6. Վերապահումը դադարեցնելու օրվանից 12 ամիս առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է շահագրգիռ Կողմին ծանուցի դադարեցման մասին: Դադարեցման օրվանից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ Կողմը պետք է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնի, որ ինքը պահպանում է, փոփոխում է կամ հետ է վերցնում իր վերապահումը: Եթե Կողմը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին տեղեկացնում է, որ ինքը պահպանում է իր վերապահումը, նա պետք է ներկայացնի դրա գործողության շարունակությունն արդարացնող բավարար հիմքեր: Շահագրգիռ Կողմի ծանուցման բացակայության դեպքում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացնի այդ Կողմին, որ նրա վերապահման գործողությունը համարվում է ինքնաբերաբար երկարացված վեց ամիս ժամկետով: Եթե այդ ժամկետը լրանալուց հետո շահագրգիռ Կողմը չի տեղեկացնում վերապահումը պահպանելու կամ փոփոխելու մտադրության մասին, ապա համարվում է վերապահումն ուժը կորցրել է:

7. Եթե Կողմը, այլ Կողմից ստանալով հանձնման մասին հարցում, անձին չի հանձնում սույն վերապահումը կիրառելու հիմքերով, նա պետք է, առանց որևէ բացառության և անտեղի հետաձգման, գործը հանձնի իրավասու մարմիններին` դատական կարգով հետապնդելու նպատակով, եթե հարցում ներկայացրած և հարցում ստացած Կողմերը այլ համաձայնության չեն եկել: Իրավասու մարմինները հարցում ստացած Կողմում դատական կարգով հետապնդում իրականացնելու նպատակով պետք է ընդունեն իրենց որոշումը նույն կերպով, ինչպես ծանր բնույթի ցանկացած հանցագործության դեպքում` այդ Կողմի օրենքներին համաձայն: Հարցում ստացած Կողմը, առանց անտեղի հետաձգման, պետք է հայտնի դատավարության գործընթացի վերջնական արդյունքների մասին հարցում կատարող Կողմին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որն այն պետք է փոխանցի 30-րդ հոդվածով նախատեսված Կողմերի Խորհրդակցությանը:

8. Այս վերապահման հիման վրա հանձնման մասին խնդրանքը մերժելու վերաբերյալ որոշումը պետք է պատշաճ կերպով ուղղվի հարցում ներկայացրած Կողմին: Եթե, 7-րդ կետի համաձայն, ողջամիտ ժամկետում հարցում ստացած Կողմում գործով չի ընդունվում, ըստ էության, դատական որոշում, հարցում ներկայացրած Կողմը կարող է այս փաստը ներկայացնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը պետք է այս գործը հանձնի 30-րդ հոդվածում նշված Կողմերի Խորհրդակցությանը: Նշված Խորհրդակցությունը պետք է ուսումնասիրի գործը, կարծիք հայտնի մերժման` Կոնվենցիային համապատասխանության մասին և այն հանձնի Նախարարների կոմիտեին գործի վերաբերյալ հետագա հայտարարության հրապարակման նպատակով: Սույն կետի համաձայն իր գործառույթներն իրականացնելիս Նախարարների կոմիտեն պետք է հանդիպի Կողմ Պետություններով սահմանափակվող կազմով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։