Հոդված 11
Հոդված 11
Հրապարակման հետաձգումը
1) [Պայմանավորվող կողմերի օրենքների դրույթները հրապարակումը հետաձգելու վերաբերյալ] ա) Եթե Պայմանավորվող կողմի օրենքը նախատեսում է արդյունաբերական նմուշի մասին հրապարակման հետաձգում մի ժամանակահատվածով, որը ավելի պակաս է, քան սահմանված ժամանակահատվածն է, ապա տվյալ Պայմանավորվող կողմը պետք է դիմումով Գլխավոր տնօրենին ծանուցի թույլատրելի ժամանակահատվածի մասին։
բ) Եթե Պայմանավորվող կողմի օրենքը չի նախատեսում արդյունաբերական նմուշի հրապարակման հետաձգում, ապա Պայմանավորվող կողմը պետք է այդ փաստի մասին ծանուցի Գլխավոր տնօրենին։
2) [Հրապարակման հետաձգումը] Եթե միջազգային հայտը պարունակում է հրապարակման հետաձգման խնդրանք, ապա հրապարակումը պետք է կատարվի.
(i) սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, եթե միջազգային հայտում նշված Պայմանավորվող կողմերից ոչ մեկը 1-ին կետի համաձայն հայտարարագիր չի ներկայացրել, կամ
(ii) եթե միջազգային հայտում նշված Պայմանավորվող կողմերից որևէ մեկը 1.ա կետի համաձայն հայտարարագիր է ներկայացրել, ապա այդ հայտարարագրում նշված ժամկետի ավարտից հետո կամ, եթե կան մեկից ավելի նշանակված Պայմանավորվող կողմեր, ապա նրանց հայտարարագրում նշված ամենակարճ ժամկետի ավարտից հետո։
3) [Հետաձգման խնդրանքի նկատմամբ մոտեցումը, երբ հետաձգումը, կիրառվող օրենքի համաձայն, հնարավոր չէ] Երբ պահանջվել է հրապարակման հետաձգում, և միջազգային հայտում նշված Պայմանավորվող կողմերից մեկը 1.բ կետի համաձայն հայտարարել է, որ հրապարակման հետաձգումն անհնար է իր օրենքի համաձայն`
(i) ելնելով ii կետից` Միջազգային բյուրոն պետք է համապատասխանաբար ծանուցի հայտատուին. եթե հայտատուն սահմանված ժամկետում գրավոր ծանուցմամբ Միջազգային բյուրոյին չի տեղեկացնում տվյալ Պայմանավորվող կողմի` նշումը հետ վերցնելու մասին, ապա Միջազգային բյուրոն պետք է անտեսի հրապարակումը հետաձգելու մասին խնդրանքը.
(ii) եթե միջազգային հայտը արդյունաբերական նմուշի վերարտադրություն պարունակելու փոխարեն ներկայացված է արդյունաբերական նմուշի կից օրինակներով, ապա Միջազգային բյուրոն պետք է անտեսի վերը նշված Պայմանավորվող կողմի նշումը և պետք է հայտատուին համապատասխանաբար ծանուցի այդ մասին։
4) [Խնդրանք ավելի վաղ հրապարակման կամ միջազգային գրանցմանը հատուկ հասանելիության համար] ա) 2-րդ կետի համաձայն հետաձգման ժամկետի ընթացքում` ցանկացած ժամանակ, սեփականատերը կարող է պահանջել միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից որևէ մեկի կամ բոլորի հրապարակումը, որի դեպքում այդ հետաձգումը տվյալ արդյունաբերական նմուշի կամ նմուշների նկատմամբ համարվում է ժամկետը լրացած այդ պահանջը Միջազգային բյուրոյի ստանալու թվականից։
բ) Սեփականատերը կարող է նաև 2-րդ կետի համաձայն հետաձգման գործող ժամկետի ընթացքում` ցանկացած ժամանակ, Միջազգային բյուրոյից պահանջել սեփականատիրոջ կողմից նշված երրորդ կողմին տրամադրել միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից որևէ մեկից կամ բոլորից որևէ մաս կամ թույլատրել այդ կողմի համար դրանց հասանելիությունը։
5) [Չեղյալ հայտարարումը և սահմանափակումը] ա) Եթե 2-րդ կետի համաձայն հետաձգման ուժի մեջ գտնվելու ընթացքում` ցանկացած ժամանակ, սեփականատերը չեղյալ է հայտարարում միջազգային գրանցումը նշված բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, ապա միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշը կամ նմուշները չպետք է հրապարակվեն։
բ) Եթե 2-րդ կետի համաձայն հետաձգման ուժի մեջ գտնվելու ընթացքում` ցանկացած ժամանակ, սեփականատերը սահմանափակում է միջազգային գրանցումը, միջազգային գրանցման առարկա հանդիսացող մեկ կամ մի քանի արդյունաբերական նմուշ նշված բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, ապա միջազգային գրանցման առարկա հանդիսացող մյուս արդյունաբերական նմուշը կամ նմուշները չպետք է հրապարակվեն։
6) [Վերարտադրությունների հրապարակումը և տրամադրումը] ա) Սույն հոդվածի դրույթների համաձայն` հետաձգման ցանկացած ժամկետի ավարտից հետո Միջազգային բյուրոն, սահմանված տուրքերը վճարելու պայմանով, պետք է հրապարակի միջազգային գրանցումը։ Եթե այդ տուրքերը սահմանված ձևով չեն վճարվում, ապա միջազգային գրանցումը պետք է չեղյալ համարվի և չպետք է հրապարակվի։
բ) Եթե միջազգային հայտին, 5.1.iii հոդվածի համաձայն, կցված են արդյունաբերական նմուշի մեկ կամ ավելի օրինակներ, ապա սեփականատերը պետք է նախատեսված ժամկետում Միջազգային բյուրոյին ներկայացնի տվյալ հայտի առարկա հանդիսացող յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի վերարտադրության նախատեսված քանակությամբ օրինակներ։ Այն դեպքում, երբ սեփականատերը այդպես չի վարվում, միջազգային գրանցումը չեղյալ է համարվում և չի հրապարակվում։